Կոտայքի մարզի Արամուս գյուղն ունի մոտ 3800 բնակիչ և 2 ընտրատեղամաս: 27/26 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նորայր Ստեփանյանն է, ով նաև գյուղապետի տեղակալն է: Արամուսում ԲՀԿ-ի կառույցի ղեկավարը գյուղապետ Հրայր Նիկողոսյանն է: Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ն այդ գյուղում ունի մոտ 500 անդամ, ինչի պատճառով էլ Արամուսը համարվում է ԲՀԿ-ական գյուղ:
Գյուղամիջում հավաքված տղամարդիկ պատմում էին, որ իրենց գյուղապետը բոլորին՝ թե ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական և թե անկուսակցական արամուսցիներին հորդորել է քվեարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Իսկ գյուղապետն էլ իր հերթին այդ հրահանգը ստացել է ԲՀԿ ղեկավարությունից:
Ինքը՝ գյուղապետը, հերքեց այդ խոսակցությունները՝ ասելով, թե իրենց գյուղում ազատ ընտրություններ են ընթանում: Քանի որ ԲՀԿ-ն թեկնածու չունի և որևէ մեկին չի սատարում, իրենց անդամներն ազատ կարող են քվեարկել թե Ս. Սարգսյանի, թե այլ թեկնածուի օգտին:








































