Հյուսիսատլանտյան դաշինքն ավարտել է Թուրքիայի տարածքում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամլո ծառայության ներկայացուցչին:
«Տեղակայումը լիովին ավարտվել է, բոլոր համալիրներն ակտիվացված են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքի շրջանում ուրբաթ գործարկվել է ԱՄՆ-ի մատակարարած երկու մարտկոցներից երկրորդը:
Նոյեմբերի երկրորդ կեսին Անկարան դիմել է ՆԱՏՕ-ին՝ Patriot համալիրների տրամադրման խնդրանքով: Դրանք կոչված են պաշտպանելու Թուրքիայի տարածքը Սիրիայի հնարավոր օդային հարձակումից: Այս առնչությամբ դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը դրական որոշում էր կայացրել: ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան համաձայնել էին երկուական համալիրներ տրամադրել:
Նիդերլանդների տրամադրած համալիրները գործարկվել են Ադանա քաղաքի շրջանում, Գերմանիայի կողմից տրամադրվածները՝ Քահրամանմարաշ քաղաքի շրջանում:












































