Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական գնումների մրցույթների անցկացման և էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) առաջարկները և դրանց հիման վրա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականները չեն կատարվում: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսքը 4-5 հանձնարարականների մասին է, որոնք պատասխանատու նախարարությունները չեն կատարում, փոխարենը տվյալ հարցերի մասին սեփական ծրագրերն ու նախագծերն են ներկայացնում, մյուսը չի հավանում ՝ սկսում է իրենը մշակել, ու այդպես ժամանակը թռչում է:
«Ստանդարտ բյուրոկրատական վիճակ է»,- ասաց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ այդ հարցը պետք է բարձրացնել և խնդիրներին ի վերջո լուծում տրվի, մասնավորապես՝ էլեկտրոնային առևտրում ծախսային հավելագրումների, մաքսազերծման, ԱրՔա քարտերի հետ կապված, գնումների ժամանակ մրցույթների անցկացման հետ կապված բազմաթիվ հարցերի և այլն:
Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ հավանաբար հաջորդ շաբաթ-կիրակի օրերին ՏՏ լիդերները կհավաքվեն Աղվերանում՝ ոլորտի խնդիրները քննարկելու, և ի թիվս այս հարցերի՝ օրակարգում կլինի նաև ՏՏ հայեցակարգի վերանայումը, քարտեզագրում, թե ինչ է արվել, ինչ չի արվել ու ինչ պետք է արվի:








































