Որքան մոտենում է նախագահական ընտրության քվեարկության օրը, այդքան ավելի հետաքրքրությունը կենտրոնանում է հետընտրական հնարավոր զարգացումների վրա: Բնականաբար, ամենից առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչ են անելու նախագահական, այսպես ասած, «ընդդիմադիր եռյակի» թեկնածուները: Խոսքն, իհարկե, Բագրատյան-Հովհաննիսյան-Հայրիկյան եռյակի մասին է: Ինչպես են արտահայտելու նրանք իրենց բողոքը կամ դժգոհությունն ընտրության արդյունքի կեղծման կապակցությամբ, և կամ՝ ինչպես են նրանք ընդունելու արդյունքները և ինչ դիրքորոշում են որդեգրելու Սերժ Սարգսյանի պաշտոնական թվերի նկատմամբ:
Դիտարկենք հնարավոր երկու հիմնական տարբերակները: Մեկն այն է, որ իշխանությունը գնա ավանդական ճանապարհով, այսինքն արհամարհի որևէ բողոք և թույլ տա մրցակիցներին նախագահական արդյունքներից բողոքել այնքան, քանի դեռ այդ բողոքը չի հասել վտանգավոր սահմանների և չի դարձել ցնցումների, ապակայունացման և իշխանափոխության ռեալ ռիսկ: Հայաստանի բոլոր նախագահական ընտրություններն էլ, ըստ էության, ավարտվել են նման տարբերակով: Բացառություն կազմեց 2008 թվականը, քանի որ ձևավորվել էր իրապես ժողովրդական շարժում, և այն կանխելու համար հարկ եղավ արդեն դիմել ուղղակի քաղաքացիների վրա կրակելու հուսահատ մեթոդին: Սակայն, մեծ հաշվով, զարգացումների տրամաբանությունը երկար ժամանակ պահվեց հենց այդ շրջանակում, և միայն երեք տարի անց իշխանությունները համաձայնեցին երկխոսության տարբերակին, որը, սակայն, կարճ տևեց:
Երկրորդ տարբերակն այն է, որ իշխանություններն անմիջապես ընտրություններից հետո հանդես գան երկխոսության կոչով և նախագահական ընտրությունների մրցակից եռյակին դիմեն որոշակի առաջարկներով: Սա եռյակին ընտրություններից հետո դեմքը փրկելու հնարավորություն կարող է տալ, այսինքն իշխանությունը կներկայանա որոշակի փոխզիջումային տպավորություն գործող առաջարկներով, որոնք կընկալվեն կամ կմատուցվեն որպես ընդդիմության ուժի արդյունք: Սակայն սա ամենևին չի նշանակում արագ կոալիցիաներ կամ, այսպես ասած, ազգային համաձայնության դրսևորումներ: Արագության դեպքում, դրանք ընդամենը վարկաբեկելու են այն թեկնածուին, որը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն ընտրություններից հետո գնացել է իշխանության երկխոսության առաջարկներին ընդառաջ: Նման պարագայում հետևանքը կարող է լինել այն, որ իշխանություններն իրենց իսկ ձեռքով կրկին կվերականգնեն ներքաղաքական այն ստատուս-քվոն, որտեղ ընդդիմության դաշտում առաջնային դիրքերում էր ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը: Մինչդեռ իշխանություններն ակնհայտորեն խնդիր ունեն ձևավորել այս եռյակին որոշակիորեն այլընտրանքային սեգմենտ՝ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը, հետևաբար նաև կառավարելիությունը և իրենց արտաքին ու ներքին ճկունությունն ապահովելու համար: Այսինքն, առավել հավանական է երկարատև հետընտրական պրոցեսը, որն իր մեջ կներառի նաև Երևանի քաղաքապետի ընտրությունները:
Այս ժամանակը պետք է նաև Սերժ Սարգսյանին, որովհետև այս միջոցով նա փորձելու է ստանալ, այսպես ասած, կառուցողական քաղաքական իրավիճակի պատկեր՝ միջազգային հանրության աջակցությունն ու գովասանագրերը ստանալու համար՝ ամենայն հավանականությամբ, ֆինանսական օգնությունների տեսքով, և միևնույն ժամանակ հնարավորինս ժամանակ ձգել և չանցնլ կոնկրետ գործողությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանը շահագրգռված է երկարատև հետընտրական պրոցեսի հարցում, առավել ևս, որ դրա բնական հնարավորությունը տալիս են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Այսպիսով, նա կկարողանա ժամանակ ձգել առնվազն մինչև աշուն: Այդ ժամանակը նրան անհրաժեշտ է հետագայում էլ ժամանակ ձգելու նոր տարբերակներ մշակելու համար:
Միջազգային հանրության պարագայում չի բացառվում, որ կգտնվեն փոխհամաձայնության տարբերակներ, ի վերջո ամեն ինչ քաղաքական առևտրի հարց է, առավել ևս, երբ կա Ռուսաստանի գործոնը: Ժամանակ ձգելուն կարող են օգնել նաև կուսակցությունները՝ նոր և հին, քանի որ նրանք դրսևորել են իշխանության հետ գործարքների իրենց պատրաստակամությունը: Հարցը հասարակությունն է՝ Սերժ Սարգսյանին ժամանակ ձգելու հնարավորություն հասարակությունը կտա՞, թե՝ ոչ:






































