Նախագահական ընտրությունների ելքը կանխատեսված էր, որը չի նշանակում, թե ընտրարշավն անմրցակցային էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը:
Նրա գնահատմամբ՝ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը բավականին օրինաչափ էր: Քաղաքագետի խոսքով՝ ընտրարշավում կար ֆավորիտ, ֆավորիտ՝ միանշանակ, նույնիսկ այնպիսի ֆորս-մաժորը, ինչպիսին Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձն էր, ոչինչ չփոխեց թեկնածուի վերաբերյալ:
«Ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, քչերն են կասկածում, որ նա կհաղթի առաջին փուլում: Այս իրավիճակը դարձավ ակնհայտ խորհրդարանական ընտրություններից հետո, այն բանից հետո, երբ հանրապետականները ցույց տվեցին իրենց քաղաքական բազուկները և կարողացան վերցնել խորհրդարանի մեծամասնությունը, դրանից հետո ակնկալել, որ կես տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական ուժ կարող է բարձրանալ այն տոկոսներից, որոնք ուներ, անհնար է: Թեկնածուն, որը կարող է լրջորեն մրցակցել Սերժ Սարգսյանի հետ՝ Ծառուկյանն էր, որը սակայն չմասնակցեց ընտրություններին: Ես կարծում եմ, որ մրցակցություն կլիներ, հնարավոր կլիներ նաև երկրորդ փուլի հեռանկար նրա առաջադրման դեպքում: Բնականաբար, դեկտեմբեր ամսից հետո ընտրությունների արդյունքը կանխատեսված էր, որը չի նշանակում, թե ընտրություններն անմրցակցային էին»,- մեկնաբանեց քաղաքագետը՝ շարունակելով, որ քաղաքական տեսանկյունից մրցակցություն կար, բայց այն ֆավորիտի ու մյուս թեկնածուների միջև չէր: Նա նշեց, որ նախագահական աթոռին որևէ մեկը լրջորեն չէր հավակնում, և ինչ էլ որ ասեին մնացած թեկնածուները, նրանք իրենք էլ էին շատ լավ հասկանում, որ կա միանշանակ ֆավորիտ: Ուստի՝ բանախոսի համոզմամբ, այն մրցակցությունը, որը կար՝ դա մյուս թեկնածուների միջև էր:
Քաղաքագետը բոլոր թեկնածուներին բաժանեց 2 խմբի. «Առաջին խմբում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Նրանք այն թեկնածուներն են, որոնք ունեն քաղաքական կուսակցություններ, ունեն աջակցություն, ունեն ստրուկտուրաներ, ունեն մարդիկ, ովքեր կարող են իրենց քարոզարշավն անցկացնել, ունեն ֆինանսական ռեսուրսներ և փորձագիտական աջակցություն: Նրանց քարոզարշավը դասական էր՝ դռնեդուռ: Ամեն դեպքում այս թեկնածուները պայքարում էին նրա համար, ինչի համար պայքարում էին: Երկրորդ խումբը մնացած թեկնածուներն են, որոնք չունեն գործիքներ, չունեն զարգացած քաղաքական կուսակցություններ, աջակցություն, հնարավորություն, ֆինանսական ռեսուրս և ոչ միայն: Մյուս թեկնածուների դեպքում նույնպես իրավիճակը օրինաչափ էր, եթե թեկնածուները չունեին այլ տարբերակ հասնելու ընտրողին, միակ հնարավորությունը լրագրողներն էին»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































