Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սարգիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:
Բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 33-ամյա Սարգիսին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ իրենից կախվածություն ունեցող անձի՝ կնոջ հետ գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ, խոշտանգել, պարբերաբար ծեծել է նրան՝ մարմնական ու հոգեկան տառապանք պատճառելով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մայիսի 5-ին, ժամը 23-ի սահմաններում իրենց բնակարանի ննջարանում Սարգիսը, տեսնելով, որ դստեր դեմքին քերծվածքներ կան, կնոջը՝ Հայկուշին (անունը փոխված է) հարցրել է, թե ինչ քերծվածքներ են: Կինն էլ պատասխանել է, թե երեխան ընկել է:
Սարգիսն ասել է, թե ընկնելուց երեխան նման վնասվածք չէր ստանա, մեղադրել է կնոջը և ձեռքի ափային մասով հարվածել է նրա այտին, քաշել է կնոջ մազերից, հայհոյել է, վերցրել է պահարանի վրա դրված ջրով լի բաժակը և հարվածել է Հայկուշի գլխի գագաթային մասին:
Հայկուշն ընկել է հատակին:
Սարգիսը մոտ քսան րոպե անհանգիստ քայլել է ննջասենյակում, ձեռքերով ու ոտքերով հարվածել է ընկած կնոջ դեմքին, մեջքին:
Հայկուշը լաց է եղել, խնդրել է չհարվածել: Բայց Սարգիսը վերցրել է սենյակում գտնվող փայտե աթոռը, հարվածել է Հայկուշի մեջքին: Աթոռից պոկված փայտով նա հարվածներ է հասցրել կնոջ գլխին ու մարմնին: Հայկուշն ուշագնաց է եղել: Ուշքի է եկել հարվածներից: Սարգիսը քաշել է նրա մազերից, ասել է, որ գնա լվացվելու:
Արդյունքում Հայկուշը ստացել է գլխի մազածածկ հատվածի սալջարդ վերքեր, դաստակի, սրունքի սալջարդ վերքեր և գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության քայքայումով:
2013 թվականի մայիսի վերջին, ըստ մեղադրանքի, Սարգիսն իրենց խոհանոցում վիճել է կնոջ հետ, ասել է՝ եթե ինքը կասկածի, որ Հայկուշը դավաճանում է իրեն, նրա աչքերը կհանի: Նա ձեռքի ծխախոտը մոտեցրել է կնոջ դեմքին: Հայկուշը ձեռքերով փակել է դեմքը: Սարգիսը ծխախոտով այրել է կնոջ ձախ նախաբազուկը:
2013 թվականի հունիսի 16-ին, ժամը 23-ի սահմաններում Սարգիսն իրենց տան բակում վիճել է Հայկուշի հետ, ձեռքի ափային մասով հարվածել է նրա ականջին, գոռացել է՝ ո՞ւր ես փախչում իմ ձեռքից, ոտքով հարվածել է կնոջ դեմքին ու մարմնին՝ պատճառելով արյունազեղումներ՝ առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Սարգիսը վիճել է նաև իր ծնողների հետ, նստել է մեքենա ու հեռացել է: Վերադարձել է մեկ ժամ անց, իրենց հյուրասենյակում հարվածել է կնոջ այտին: Հայկուշը դուրս է եկել տնից: Սարգիսը գնացել է նրա հետևից, բայց Հայկուշը, ամուսնուց վախենալով՝ թաքնվել է գետափի եղինջների մեջ, հետո գնացել է դպրոցի բակ, մնացել է այնտեղ մինչև գիշերվա ժամը չորսը, հետո գնացել է իր հայրական տուն:
Ընդհանուր իրավասության դատարանում Սարգիսն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Հայկուշի հետ 2005 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է: Ունեն երկու երեխա՝ 2006 թվականին ծնված դուստրը և 2007 թվականին ծնված որդին:
Երբ դուստրը մեկ տարեկան է դարձել, պարզվել է, որ նրա մոտ բացակայում են լսողությունը և խոսելու ունակությունը: Ինքն ու կինը շատ լավ հարաբերությունների մեջ են եղել:
2013 թվականի հունիսի 16-ին ընտանեկան վեճի ժամանակ կինը «լեզու է բանացրել», ինքը պահի ազդեցության տակ ձեռքի ափով հարվածել է նրա դեմքին: Նպատակ չի ունեցել ցավ կամ մարմնական վնասվածք պատճառելու: Վիճել են դարպասների մոտ: Կինը հեռացել է: Ինքը գնացել է նրա հայրական տուն, բայց նա այնտեղ չի եղել: Աներոջ հետ փնտրել է Հայկուշին, չեն գտել: Գիշերը ինքն աներոջը սուրճ է հյուրասիրել, ճանապարհել տուն, իսկ հետո իմացել է, որ Հայկուշը դիմել է կանանց միություն, ընկել է բարեկամների ազդեցության տակ, նա «չափազանցեցնում է» տեղի ունեցածը:
Հայկուշն իր երեխաների մայրն է, մանավանդ՝ իրենց դուստրը առողջական խնդիրներ ունի, պետք է հատուկ դպրոց գնա:
Սարգիսը հայտնել է, թե նախկինում պատահել է, որ վիճել է կնոջ հետ, այդ վեճերը պայմանավորված են եղել նրանով, որ կինը ծեծել է հիվանդ դստերը:
Ըստ տուժող կնոջ՝ երբ Սարգիսն իմացել է, որ իրենց դուստրը առողջական խնդիրներ ունի, սկսել է ոգելից խմիչք օգտագործել: Խմիչքի ազդեցության տակ հաճախակի իրեն ծեծուջարդի է ենթարկել: Նախկինում ինքը բռնությունների մասին իրավապահներին չի հայտնել՝ մտածելով, թե յուրաքանչյուր ընտանիքում լինում են նման իրավիճակներ: Բայց վերջին երկու տարում Սարգիսը ավելի շատ է խմում, անպատճառ ծեծում է իրեն՝ ձեռքի տակ ընկած ցանկացած իրով:
Տուժողը նշել է, թե ցանկանում է, որ Սարգիսն իրեն պատճառած բոլոր տառապանքների ու զրկանքների համար ենթարկվի պատասխանատվության, քանի որ սպանելու աստիճան ծեծել է իրեն, երբեք պատասխանատվության չի ենթարկվել:
Տուժողը դիմել էր կանանց իրավունքների պաշտպանության և աջակցության կենտրոն:
Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Սարգսի արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով՝ եզրակացնելով, որ Սարգիս Հ.-ն ուղղակի դիտավորություն չի ունեցել կնոջը ֆիզիկական կամ հոգեբանական տառապանքների ենթարկելու՝ խոշտանգելու: Նրանց վեճերը դատարանը որակել է «կենցաղային հարցերի շուրջ առաջացած տարբեր վեճեր», որոնց նպատակը չի եղել տուժողին հոգեբանական բռնության ենթարկելը, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:
Դատարանը հաստատված է գնահատել նաև, որ շուրջ երկու տարի Սարգիսն ու Հայկուշը փաստացի միասին չեն ապրել, կինը Սարգսից ամուսնական կախվածության մեջ չի գտնվել, Սարգիսը նրանց ապրուստը չի հոգացել: Նա ապրել է Երևանում ուրիշ կնոջ հետ: Գյուղում գտնվող հայրական տանը նա բնակվել է 2013 թվականի հուլիսի սկզբից:
Սարգիս Հ.-ն արդյունքում դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Համաներման կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից:
Տուժող կնոջ ներկայացրած քաղաքացիական հայցը մերժվել է: Դատարանը նկատի է ունեցել, որ ամբաստանյալը հատուցել է պատճառած վնասը՝ 300 հազար դրամի չափով:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել դատավարության բոլոր կողմերը:
Մեղադրանքի կողմը սխալ էր համարում դատարանի կատարած վերաորակումը: Ըստ մեղադրողի՝ կինը Սարգսից գտնվել է ամուսնական կախվածության մեջ, Սարգիսը խոշտանգել է իրենից կախվածության մեջ գտնվող կնոջը, հետևաբար, նա պետք է մեղավոր ճանաչվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, այլ 119 հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասի 3-րդ կետով, պետք է դատապարտվեր 5 տարի ազատազրկման և կրեր պատիժը:
Տուժող կողմը ևս այն կարծիքին էր, թե Սարգիսը, փաստորեն, չի պատժվել կատարած արարքների՝ խոշտանգումների համար, դատարանը սխալ է վերաորակել նրա արարքը, նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ, որի կրումից անգամ Սարգիսն ազատվել է: Նրա նկատմամբ համաներում չպետք է կիրառվեր:
Սարգսի շահերի պաշտպանն իր բողոքում, հակառակը, պնդում էր, թե Սարգսի մեղքը մեղադրանքի կողմը բոլորովին չի կարողացել ապացուցել: Պաշտպանը պահանջում էր բեկանել դատավճիռը և Սարգսի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Վերաքննիչ քրեական դատարանի նիստին Սարգիսը բացակայում էր: Բանն այն է, որ նա ներկայումս կալանքի տակ է՝ իրենց գյուղական տունը հրկիզելու փորձ անելու համար: Սարգիսը դիմում էր գրել վերաքննիչ դատարան և խնդրել էր բերված վերաքննիչ բողոքները քննել իր բացակայությամբ:
Սարգսի շահերի պաշտպանը, հիմնավորելով իր բողոքը, ասաց, թե տուժող կինը նախաքննության ժամանակ աստիճանաբար նորանոր, ավելի «սահմռկեցուցիչ» խոշտանգման դեպքեր է հիշել: Նա համաձայնել է, որ մեղադրանքի ծավալում ընդգրկվի մեկ ամսվա ընթացքում կատարվածը, սակայն լրատվամիջոցներով տարածել է, թե Սարգիսը 9 տարի շարունակ խոշտանգել է իրեն:
Ըստ պաշտպանի՝ անթույլատրելի է մեկ անձի ցուցմունքով մարդուն մեղադրելն ու դատապարտելը: Այս առումով պաշտպանը մեջբերումներ կատարեց նաև Աստվածաշնչից: Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, Սարգիսը դատապարտվել է միայն տուժողի՝ Սարգսի դատապարտման հարցում շահագրգիռ անձի ցուցմունքներով:
Պաշտպանը պնդեց, թե տուժողի հայտնած տեղեկությունները հաստատող օբյեկտիվ ու սուբյեկտիվ տվյալներ չկան: Դատարանը տուժողի ցուցմունքները պիտի գնահատեր ոչ արժանահավատ, սակայն ոչ արժանահավատ է գնահատել վեց վկաների ցուցմունքները՝ նշելով, թե նրանք Սարգսի հարազատներն են ու շահագրգիռ են, որ Սարգիսը չդատապարտվի:
Պաշտպանը մասնավորապես հիշեցրեց, որ տուժողը նշել էր, թե Սարգիսը հարվածել ու կոտրել է իր քիթը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ մինչև անգամ հաստատվել է այդ հանգամանքը: Բայց ևս մեկ դատաբժշկական փորձաքննությամբ ու ներկայացված բժշկական փաստաթղթերով ի հայտ է բերվել, որ տուժողի քիթը նրա նշած ժամանակից երեք տարի առաջ ենթարկվել է պլաստիկ վիրահատության, վիրահատության ժամանակ է կոտրվել նրա քթոսկրը:
Այս հանգամանքին արձագանքեց տուժող կինը: Նա նշեց, որ, իրոք, իր քիթը վիրահատվել է ամուսնու ցանկությամբ ու գումարով: Հետագայում Սարգիսն իրեն ծեծելիս միշտ խփել է իր քթին ու ասել է. «Իմ սարքած քիթն ա, լավ եմ անում՝ խփում եմ…»:
Պաշտպանը անհամոզիչ համարեց, որ տուժողը ոչ անմիջապես է հայտնել ձեռքը ծխախոտով Սարգսի կողմից այրելու մասին: Տուժողի նշած ժամանակ ցուրտ էր, նա երկարաթև հագուստով է եղել, Սարգիսը նրա թևը ծխախոտով այրել չէր կարող:
Արձագանքելով պաշտպանի ասածին՝ տուժողի ներկայացուցիչը նշեց, որ պաշտպանը դիտավորությամբ չի նշում, թե տուժողի ձեռքի որ մասում է եղել այրվածքի հետքը: Դա տուժողի ձախ նախաբազուկն է եղել, ձեռքի այն հատվածը, որը երկարաթև հագուստն անգամ չի ծածկում, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դա ջերմային ազդեցության հետք է:
Պաշտպանն իր հերթին այն կարծիքին էր, թե կինը խոհանոցային աշխատանքներ կատարելիս էլ կարող էր նման վնասվածք ստանալ, քանի որ դատաբժշկական փորձագետը կատեգորիկ չի նշել, թե դա ծխախոտի այրվածքի հետք է, եզրակացրել է՝ «հնարավոր է»: Իր հարցին էլ փորձագետը պատասխանել է, թե դա կարող էր նաև խոհանոցային աշխատանքի ժամանակ ստացած վնասվածք լինել, չի բացառել դա:
Մեղադրողը, որպեսզի ապացուցի, թե փաստական ամուսիններ Սարգիսն ու Հայկուշը ամուսնացած են եղել, Հայկուշը ամուսնական կախվածության մեջ է եղել Սարգսից, տեղեկանք ներկայացրեց… եկեղեցուց՝ առ այն, որ նրանք ժամանակին ամուսնացել են եկեղեցական պսակադրությամբ:
Բայց, ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, եկեղեցում պսակադրվելն էլ մարդկանց հետ չի պահում հետագա սխալ քայլերից, միմյանց վրա ձեռք բարձրացնելուց, իրար չզիջելուց, չներելուց, թշնամանքից…
Պաշտպանը եկեղեցու տեղեկանքը ապացույց չհամարեց, քանի որ վերջին երկու տարում Սարգիսն ու կինը համատեղ տնտեսություն չեն վարել, Սարգիսն ապրել է այլ կնոջ հետ, Սարգիսն ու Հայկուշն ամուսնական հարաբերություններ չեն ունեցել, նրանք երբեք օրինական ամուսիններ չեն եղել:
Այն, որ ծեծելու ժամանակ կինը լաց է եղել ու խնդրել է իրեն չխփել, ըստ պաշտպանի, չի նշանակում, որ կինը Սարգսից կախման մեջ է եղել, ինչպես նշել է մեղադրողը: Բոլոր դեպքերում խոշտանգվողը լաց է լինում ու խնդրում է չխփել, բայց բոլորը չէ, որ խոշտանգողից կախման մեջ են լինում:
Մեղադրողը պաշտպանի բողոքի դեմ առարկելով բացականչեց՝ արդարացնե՜լ խոշտանգողին: Նա կողմ արտահայտվեց տուժող կողմի բողոքին, նշեց, որ ինքն ու տուժող կողմը միասին «գնում են» դեպի արդարադատություն, ոչ թե ցանկանում են, որ արդար մարդ դատապարտվի: Տուժողն էլ ասաց, թե միանում է մեղադրողի բողոքին:
Ըստ մեղադրողի՝ Հայկուշը Սարգսի կինն է եղել, մյուս կինը, ում հետ Սարգիսն ապրել է վերջին շրջանում, ընդամենը նրա սիրուհին է եղել, իսկ Հայկուշը Սարգսից կախված է եղել այնքանով, որ… ապրել է Սարգսի տանը:
Պաշտպանը եզրափակեց. «Ես պաշտպանեցի իմ պաշտպանյալին, բայց մեղադրողը չկարողացավ պաշտպանել մեղադրանքը»:
Վերաքննիչ քրեական դատարանը բոլոր բողոքները մերժեց:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատվեց օրինական և հիմնավոր ու թողնվեց անփոփոխ:









































