Իրաքի արևմտյան Անբար նահանգում ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական խմբավորման գրոհայինների հարձակման պատճառով անցյալ շաբաթ ավելի քան 90 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունը:
«Մենք շատ ենք անհանգստանում մարդկանց անվտանգության համար, իրավիճակն արտակարգ է, միայն լուրջ միջոցառումները կարող են նրանց կյանքերը փրկել»,- ասել է Իրաքում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Լիզ Գրանդեն:
Նրա տվյալներով՝ գավառի վարչական կենտրոն Էր-Ռամադի քաղաքի շուրջ մարտեր են ընթանում: Այդ պատճառով շատ ընտանիքներ ստիպված են եղել ապաստան փնտրել Բաղդադում:
ՄԱԿ-ի գնահատականներով՝ 2014-ի հունվարից իրենց տներն են լքել առնվազն 2.7 մլն իրաքցիներ, նրանցից 400 հազարը՝ Անբարից:









































