Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ, Թուրքիայում գործող այսպես կոչված «Հայկական «անհիմն» պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) իրանական իշխանություններից պահանջել է չեղյալ հայտարարել ապրիլի 24-ին Թեհրանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման թույլտվությունը:
ASİMDER-ի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ իսլամական հանրապետությունում (Իրան) մեկ այլ մուսուլմանական երկրի (Թուրքիա) մարդասպան որակող այդ ֆիլմի ցուցադրությունը կվնասի թուրք-իրանական հարաբերությունները:
Նա նաև նշել է, որ նամակ է հղել Էրզրումում Իրանի գլխավոր հյուպատոսին` պահանջելով կանխել ֆիլմի ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թեհրանում ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը, որը հատուկ թարգմանվել է պարսկերեն:





































