Հարկատուները համատարած ահազանգում են, որ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգը շուրջ 1 շաբաթ է՝ դադարել է գործել. անհնար է մուտք գործել համակարգ (գրանցման անունն ու ծածկագիրը տրամադրում է ՊԵԿ-ը), բազմաթիվ փորձերից հետո մուտք գործելու դեպքում անհնար է որևէ այլ քայլ կատարել և լրացնել աշխատակիցների տվյալները: Այդ անձնավորված հաշվառման տվյալներն ավտոմատ ստուգվում են ոստիկանության ռեգիստրի տվյալների հետ և համապատասխանության դեպքում ընդգրկվում ձևաթղթի մեջ, որից հետո միայն տնտեսվարողը կարող է եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել:
Համակարգի աշխատանքը ներդրվեց բավականին հապճեպ՝ առանց անհրաժեշտ ստուգումների ու փորձարկումների: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը խնդիր ունի հաջորդ տարվա հունվարից ներդնել կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որի պահանջներից մեկը եկամտային հարկի անցումն ու էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումն է: Էլեկտրոնային ստորագրություն ստանալուց հետո տնտեսվարողների հաջորդ քայլն էր համակարգում աշխատակիցների գրանցումը, և որքան շատ տնտեսվարող է սկսել օգտվել համակարգից, այնքան դրա աշխատանքը ծանրաբեռնվել է, ի վերջո, ըստ ամենայնի, ծրագիրը «կախել է»:
Հաշվետվությունների ներկայացման վերջին ժամկետը փետրվարի 20-ն է: Յուրաքանչյուր աշխատակցի համար չներկայացված անհատական հայտի դեպքում տույժը 20 հզ. դրամ է:
Թե ով է պատասխան տալու այս իրավիճակի համար՝ պարզ չէ և չի էլ հետաքրքրում հարկատուներին: Փետրվարի 21-ին արդեն ՊԵԿ-ը կարող է «հանգիստ խղճով» տույժեր սահմանել: Այսօր արդեն ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ «էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ընթացքում ներկայում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն www.taxservice.am էլեկտրոնային էջի ոչ պատշաճ սպասարկմամբ, ՊԵԿ-ի թերացմամբ կամ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով, և որ հարկ վճարողների կողմից մուտքագրված անձնավորված տվյալների համապատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս, այլ տեղեկատվական համակարգերի կողմից»:
«Այլ տեղեկատվական համակարգը» ոստիկանության ենթակայության տակ գտնվող գրանցման պետական ռեգիստրն է: «Առաջին լրատվական»-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց, որ իրենց մոտ ծրագրային մի փոքր խնդիր եղել է, որը լուծվել է: Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ եթե խնդիրը ՊԵԿ-ում չի, ապա իրենց մոտ է, և նշեց, որ ծրագրի ապահովումն իրականացնում է «Էկենգը»:
«Էկենգ» ընկերության տնօրեն Արթուր Ղուլյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց ընկերությունը ներդրել է նույնականացման քարտերի համակարգը, իսկ բնակչության պետական ռեգիստրի համակարգի հետ իրենք առնչություն չունեն:
Պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին պարզել, թե «որտեղ է թաղված շան գլուխը», և հորդորեցին զանգահարել վաղը: Իսկ մինչ նրանք փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը, հասունանում է նոր բողոքի ալիք. հարկատուները պահանջում են մինչ այս խնդիրների լուծումը պաշտոնապես հայտարարել հաշվետվությունների ներկայացման ժամկետների երկարացման մասին, կամ դրանք ընդունել թղթային եղանակով:










































