ՆԱՏՕ-ն անհիմն է անվանել ռուսական իշխանությունների հայտարարությունները սպառնալիքի մասին, որն իբր Ռուսաստանի համար ներկայացնում է դաշինքի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՆԱՏՕ-ի մամլո ծառայության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀՊ համակարգը ֆիզիկապես չի կարողանա որսալ ռուսական միջմայրցամաքային հրթիռները, քանի որ Եվրոպայում հակահրթիռների արձակման կայանների թիվը մեծ չէ, իսկ դրանց հնարավորությունները սահմանափակ են: Բացի դրանից՝ այդ սարքավորումները կամ չափազանց մոտ են ռուսական սահմանին, կամ չափազանց հեռու:
ՆԱՏՕ-ում նաև հերքել են Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունը: Դաշինքի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պահպանում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր պայմանները, և նշել է, որ վերջերս Ռուսաստանն ինքն է սկսել ավելի շատ միջուկային զորավարժություններ անցկացնել:
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ հատկապես ում խոսքերն է մեկնաբանում դաշինքի մամլո ծառայությունը: Միաժամանակ ասվում է, որ համապատասխան հայտարարությունն արվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապրիլի 16-ին: Նույն օրը Արևելյան Եվրոպայում միջուկային զորավարժությունների և ՀՀՊ համակարգի քննադատությամբ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Շոյգուն ամերիկյան ՀՀՊ համակարգի զարգացումը և Եվրոպայում ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրա տեղակայումն անվանել է սպառնալիք ռազմավարական կայունությանը: Շոյգուն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի արևելքում զորավարժություններ է անցկացնում, որոնք վառ արտահայտված հակառուսական ուղղվածություն ունեն:









































