Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը ուրբաթ օրը օրենք է ստորագրել եվրոյի ներմուծման մասին: Սեյմը հունվարի 31-ին իր աջակցությունն էր հայտնել հանրապետությունում եվրոյի ներմուծման մասին երկրի ֆինանսների նախարարության մշակած օրինագծին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լատվիան ծրագրում է եվրոգոտուն միանալ 2014 թվականի հունվարի 1-ից: Լատի և եվրոյի միաժամանակյա շրջանառության շրջանը կտևի երկու շաբաթ: Բանկոմատներն այլևս լատով գործարք չեն կատարի: Վարկային հաստատություններում լատը եվրոյով փոխարինել հնարավոր կլինի եվրոյի ներմուծումից 6 ամսվա ընթացքում:
Օրինագծի համաձայն՝ ապրանքների և ծառայությունների գները եվրոյով ու լատով նույնը կլինեն եվրոյի ներմուծումից 3 ամիս առաջ և եվրոյի ներմուծումից հետո 6 ամսվա ընթացքում:
Համաձայն վերջին սոցհարցումների՝ Լատվիայի բնակիչների 63 տոկոսը բացասաբար է վերաբերվում երկրում եվրոյի ներմուծմանը:











































