Այս տարվանից սոցիալական փաթեթի շահառուների շրջանակն ընդլայնվել է շուրջ 30 հզ-ով: 2013 թ-ից սոցիալական փաթեթ հատկացվում է նաև շահառու մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի և նրան ենթակա ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում ընդգրկված աշխատակիցներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և ՀՀ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձանց, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներին` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրեն, տնօրենի տեղակալներ):
Նշենք, որ իրական շահառուների շրջանակն ավելի մեծ է, քանի որ փաթեթով նախատեսված որոշակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել նաև նրանց անմիջական ընտանիքի անդամները՝ ամուսինը և մինչև 27 տարեկան նրանց հետ բնակվող զավակները:
Յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է ամսական 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 2012 թ-ին տրամադրված սոցիալական փաթեթի գումարին՝ 132 հզ. ՀՀ դրամ:
Ինչպես նախկինում, այս տարի նույնպես առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ 52 հզ. դրամի չափով: Ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը և այլն:
Առողջության ապահովագրության ծառայությունը պարտադիր չէ զինվորականների, հաշմանդամների, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ փոփոխություններ են կատարվել նաև Սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի փաթեթը հատկացվելու է առևտրային բանկերի միջոցով, այսինքն` սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:
Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվանից Սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ: Սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են նաև տոկոսադրույքներ:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարից ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների (քաղաքացիական և պետական ծառայողներ, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներ) և նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից՝ առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքներում:












































