Ցանցահենային հարձակումները, որոնց ենթարկվում են մեդիաընկերություններն ու առանձին լրագրողներ, մամուլի գրաքննության հասարակ ու էժանագին միջոցներ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists)՝ հայտնում է Reuters-ը:
Կազմակերպության տվյալներով՝ վերջին մի քանի տարում պարբերականների վրա կիբերհարձակումների թիվը զգալիորեն մեծացել է, ընդ որում՝ դրանք դարձել են ավելի ու ավելի բարդ:
Մասնավորապես, ըստ զեկույցի հեղինակների՝ այդ միտումի մասին են վկայում ամերիկյան այնպիսի հեղինակավոր պարբերականների վրա հարձակումները, ինչպիսիք են The New York Times-ը, Wall Street Journal-ն ու Washington Post-ը:
Միևնույն ժամանակ, իրավապաշտպաններն ընդգծել են, որ մամուլի վրա հարձակումները մեծացել են նաև աֆրիկյան ու ասիական երկրներում:
2013թ. հունվարի վերջին պարբերականների կայքերի ու աշխատակիցների էլփոստի վրա հարձակումների մասին էին հայտարարել նախ The New York Times-ը, ապա The Wall Street Journal-ը:
Թերթերը հայտնում էին, որ հարձակումներն իրականացվել են Չինաստանից, իսկ դրանց նպատակը, հավանաբար, այդ երկրում կատարվող իրադարձությունների լուսաբանման վրա ազդելն էր:











































