Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու որոշումը:
«Կլոպի որոշումը շատ ծանր նորություն է բոլորիս համար: Նախաձեռնությունը նրանն է: Ակումբն ու մարզիչը յուրահատուկ հարաբերություններ ունեին: Այն, որ նա հեռանում է, շատ դժվար է գիտակցել ու ընդունել:
Այն բոլոր հաջողություններից հետո, ինչ նա այստեղ ունեցել է, «Բորուսիա»-ում միշտ կհիշեն ու կսիրեն Կլոպին»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վատցկեն:
Կլոպը «Բորուսիա»-ն գլխավորել է 2008թ.: Նրա գլխավորությամբ թիմը 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 1 անգամ՝ Գերմանիայի գավաթակիր: Թիմը Չեմպիոնների լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկությունում հասել է եզրափակիչ:
«Բորուսիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-րդ տուրից հետո 33 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:





































