Ermenihaber կայքի փոխանցմամբ, Ստամբուլի հայկական «Ագօս» թերթի սպանված խմբագրապետի այրին՝ Ռաքել Դինքը, Բիլգիի համալսարանում մասնակցել է «Խաղաղության նախաձեռնություն» կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության հաստատում» խորագրով կոնֆերանսին:
Իր ելույթում Դինքը նշել է, որ Թուրքիայում թե´ քաղաքական, թե´ սոցիալական խտրականություն է կիրառվում հայերի, քրիստոնյաների ու քրդերի նկատմամբ. «Բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում այս երկրում, սակայն ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին:
Ամուսինս դա փորձեց անել, սակայն նրան վերացրին: Այս երկրում ոչ ոք ներողություն չի խնդրում: Թուրքիան իրեն հավասարը չունի կեղծ զեկույցներ պատրաստելու ոլորտում»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում Օգյուն Սամասթի կողմից: Մարդասպանը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա:
2011 թվականի հունվարի 19-ին թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը Milliyet թերթում հրապարակած իր հոդվածում նշեց, որ Հրանտ Դինքն սպանվել է թուրքական պետության աչք փակելու արդյունքում, ինչի համար պատասխանատու բոլոր չինովնիկները ոչ միայն համապատասխան պատասխանատվության չենթարկվեցին, այլև պարգևատրվեցին:
Բիրանդի կարծիքով, Դինքի սպանության մեջ առաջին հերթին մեղավոր են Թուրքիայի ուժային կառույցները, քանի որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ժանդարմերիան, թե՛ գաղտնի ծառայության աշխատակիցները տեղյակ են եղել նախապատրաստվող սպանությունից, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքի սպանությունը կանխելու համար:









































