Եգիպտոսի ռազմական դատարանը երեկ որոշում է կայացրել երեք տարվա ազատազրկման դադապարտել եգիպտացի հայտնի բլոգեր Մայքել Նաբիլին` Մուբարաքի դեմ պայքարի ժամանակ զինվորականների դիրքորոշումը քննադատելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ընդ որում, դատարանի որոշման մասին Նաբիլի պաշտպաններն իմացել են այն հրապարակելուց հետո, քանի որ նրանց դուրս են հրավիրել դատարանից` պատճառաբանելով, թե դատավճիռը դեռ պատրաստ չէ: Մայքել Նաբիլի պաշտպան Գամալ Իդն ասել է, որ սա վտանգավոր նախադեպ է` պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին:
Մուբարաքի ժամանակահատվածում էլ եզակի չէին բլոգերների դեմ հարուցվող քրեական գործերը: Դրանցից ամենահայտնին կրկին բանակի հետ կապված գործ էր, երբ բլոգերներից մեկը գրել էր մի ուղեցույց, թե բանակ գնալիս նորակոչիկն ինչպես պահի իրեն: Նրան դատապարտել էին 7 ամսվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո երկիրը ղեկավարում է Զինվորական ժամանակավոր կառավարությունը` պաշտպանության նախարար, զինվորական բարձրագույն խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտաուիի գլխավորությամբ:









































