Երեկ Դոնեցկում վթարի ենթարկված Ан-24 ինքնաթիռի սրահում եղել են 5 չգրանցված ուղևորներ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Դոնեցկի մարզի դատախազ Վլադիմիր Վիշինսկին:
«Բոլորի անձերը հիմնականում հաստատված են, 3 զոհերի վերաբերյալ գրեթե կասկածներ չկան, 2-ի դեպքում տվյալներ կան, թե ովքեր են»,- հայտարարել է Վիշինսկին և ասել, որ 2 զոհերի դեպքում հարցը պահանջում է ընթացակարգային հաստատում: Բոլոր զոհվածները տղամարդիկ են:
Նա նշել է, որ չգրանցված ուղևորների հարցով զբաղվում է Օդեսայի հետախուզությունը, նրանք կպարզեն, թե ինչն է եղել չգրանցվելու պատճառը:
Երեկ Դոնեցկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Հարավային ավիաուղիներին» պատկանող Ан-24 ինքնաթիռը: 52 ուղևորներից 5-ը զոհվել են, 9-ը՝ վիրավորվել: Ինքնաթիռն իրականացնում էր չարտերային թռիչք՝ Օդեսայից երկրպագուներին հասցնելով Դոնեցկի «Շախտյոր»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպմանը։
Վթարային վայրէջք ինքնաթիռը կատարել է Դոնեցկի Պրոկոֆևի անվան օդանավակայանում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կորցրել է ինքնակառավարումը և, ընկնելով թռիչքուղիների միջև, մասերի բաժանվել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Գործը գտնվում է Դոնեցկի մարզի դատախազի անմիջական հսկողության տակ:






































