2013 թ.-ին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության բարձրացման» վարկային ծրագրի տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է ստեղծել 10-13 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին գյուղատնտեսության նախարարությունից, կոոպերատիվները կստեղծվեն ծրագրում ընդգրկված 6 մարզերում:
«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից նախատեսվում է ստեղծել ևս 4-5 սպառողական կոոպերատիվներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել հանրապետության բոլոր մարզերում ավելի քան 20 գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը:
Նախարարության պաշտոնյաները հուսով են, որ ընթացիկ տարում կոոպերատիվներ կստեղծվեն նաև գյուղատնտեսությունում տնտեսվարողների նախաձեռնությամբ, ինչպես նաև այլ կազմակերպությունների աջակցությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արդեն գործում են շուրջ 150 տարբեր գյուղատնտեսական կոոպերատիվներ:







































