Վրաստանի և Թուրքիայի համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկվել են Անկարայում՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեկի միջև:
Իվանիշվիլիի և Չիչեկի հանդիպումը կայացել է Վրաստանի կառավարական պատվիրակության Թուրքիա մեկօրյա այցի շրջանակներում: Այս մասին հայտարարել են Վրաստանի վարչապետի գրասենյակից:
«Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեկը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասել են վարչապետի գրասենյակից:
Պատվիրակության կազմի մեջ են մտնում նաև տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ԱԳ նախարար Մայա Պանջիկաձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն, համագործակցության հիմնադրամի ղեկավար Իրակլի Կովզանաձեն և այլոք:







































