Այսօր առավոտյան ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղում էր, որտեղ անմիջական զրույցի է բռնվել ընտրողների հետ, ներկայացրել մարզի ու նրա յուրաքանչյուր համայնքի զարգացման, հողագործական և անասնապահական մթերքների արտադրության ավելացման իր մոտեցումները, որոնք հիմնականում արժանացան զրուցակիցների քաջալերանքին ու հավելյալ առաջարկներին: «Գառնեցին անգիր գիտի հողի «լեզուն», պետք չէ նրան սովորեցնել, թե ինչպես կով ու ոչխար խնամել կամ այգի մշակել: Տուր գառնեցուն ֆինանսական հնարավորություն և իրական աջակցություն, մնացածը կստեղծի ինքը՝ ապավինելով իր փորձին ու աշխատասիրությանը»,- համոզմունք հայտնեց Հովհաննիսյանը:
Այնուհետև, օրվա ժամանակացույցը չխախտելու համար, նախագահի թեկնածուն վերադարձավ Երևան, որտեղ հանդիպում էր նշանակված Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում էին վերահաս ընտրություններին, մասնավորապես՝ ընտրակեղծիքների բացառման, յուրաքանչյուր քվեի վերահսկման հրամայականին:
Հետմիջօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը և նրան ուղեկցող կամավորականների ու լրագրողների խմբերը մեկնեցին Արմավիրի մարզի Մայիսյան, ապաև՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքներ: Գյուղացին չլուծված բազում խնդիրներ ունի, և նախագահի թեկնածու հետ զրույցն ակամա տարվում էր այդ հունով: «Գյուղացին տառապում է «տոկոսների» տակ, որովհետև երբեմն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ստիպած է «դառը դատել, դատարկ նստել»: Ուրեմն՝ նրան պետք է հնարավորություն տրվի, որպեսզի կարողանա դիմակայել բնական աղետին: Օրինակ՝ ցածր տոկոսադրույքներով վարկեր են մտնում Հայաստան, ո՞ւր են այդ վարկերը»,- Մայիսյան գյուղում նկատեց թեկնածուն:
Մայիսյան-Արագածավան ճանապարհահատվածում նրան աղուհացով դիմավորել են ինքնաբուխ հավաքված Արտենիի ընտրողներ՝ թվով շուրջ 200 մարդ:
Երևան վերադառնալուց առաջ Հովհաննիսյանը Արմավիր քաղաքում մասնակցել է Տյառնընդառաջի արարողությանը:









































