Քիմ Քարդաշյանի աղմկոտ այցելությունը Հայաստանում ավարտվեց բարձր նոտայով՝ նրա հանրահռչակ ամուսին Քայնե Ուեսթը, որ մինչ այդ Հայաստանում մի տեսակ ստվերում էր՝ չնայած իր համաշխարհային համբավին, հրաժեշտից առաջ համերգ ունեցավ Կարապի լճում, որն ավարտեց ցատկելով ջուրը, ինչը վարակիչ քայլ էր կեսգիշերային համերգին ներկա հարյուրավոր քաղաքացիներից շատերի համար: Քարդաշյանների և Ուեսթի այցը Հայաստան շատ մեծ արձագանքի արժանացավ դեռևս չսկսված:
Եղան բազմաթիվ քննարկումներ, գրեթե ոչ ոք, ով ուներ այդ հնարավորությունը, չզլացավ հայտնել իր կարծիքը, և եղան տրամագծորեն հակառակ ու տարբեր կարծիքներ: Սակայն մի բան կա, որը երևի թե անհերքելի է՝ անկախ գնահատականներից. ակնհայտ է, որ մոտ մեկ շաբաթ Հայաստանի հասարակության ակտիվ ուշադրության կենտրոնում էին հայտնվել մարդիկ, որոնք իրենցով, ըստ էության, մարմնավորում են արևմտյան քաղաքակրթական մշակույթը՝ իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ: Իսկ դա մի մշակույթ է, որը աշխարհում, ըստ էության, ամենաարդյունավետն է՝ պետական, հասարակական և անհատական մակարդակներում կյանքի կազմակերպման առումով: Խոսքը, իհարկե, արդյունավետության, և ոչ իդեալականության մասին է, որպեսզի տեղի չունենա շփոթություն և նենգափոխում: Մեկ շաբաթ Հայաստանը, ըստ էության, ապրում էր այս մշակույթի բաղադրիչներից մեկով, և գուցե ամենևին ոչ ամենա-ամենա բաղադրիչով, սակայն մի բանով, որն աշխարհում ունի մեծ ճանաչում, տարածում, նշանակություն, ազդեցություն, և որը նաև կապ ունի մեզ՝ հայերիս հետ:
Այս տեսանկյունից շաբաթը կարող ենք դիտարկել որպես հայկական և համաշխարհային մշակույթների նույնականացման դրվագներից մեկը, որպիսին մենք շատ հազվադեպ ենք ունենում, և որը շատ կարևոր է հատկապես այսօր, երբ մեզ պարտադրում են Եվրասիական ճահիճը:
Ահա այս տեսանկյունից, վերանալով ազգանուններից, մենք կարող ենք ասել, որ և՛ անցնող շաբաթը, և՛ մասնավորապես երեկ գիշերը Հայաստանում, ըստ էության, դիմակայության շաբաթ և գիշեր էին՝ համաշխարհային քաղաքակրթության և եվրասիական ճահճի լուռ դիմակայության շաբաթ և գիշեր:
Թե ինչ արդյունքներով ավատվեց այս դիմակայությունը՝ բնականաբար, շատ դժվար է գնահատել ոտքի վրա: Սակայն երևի թե ավելի կարևոր են ոչ թե արդյունքները, այլ գործընթացը, իրողությունները, երևույթներն ինքնին, որոնք լայն ընդգրկում ունեն ոչ միայն քաղաքակրթություն-եվրասիականություն պայքարի համատեքստում, այլ նաև հայկական հարցի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Խոշոր հաշվով, արևմտյան հանրահռչակ աստղերը իրենց գործունեությամբ ներգրավվել են այս պրոցեսում և գտնվում են հայության կողքին: Խոսքը ոչ միայն Քարդաշյանների գործունեության մասին է, այլ նաև, օրինակ, այնպիսի կինոաստղի, ինչպիսին Ջորջ Քլունին է, որն ապրիլի 24-ին տիկնոջ՝ մեզ բոլորիս արդեն հայտնի Ամալ Քլունիի հետ լինելու է Հայաստանում:
Եվ ահա, այս ֆոնին փորձենք դիտարկել այն, թե ինչպես կամ ինչով է հայության համար բախտորոշ, կարևոր, խորհրդանշական այս ժամանակահատվածում իր աջակցությամբ ներգրավված, այսպես ասած, եվրասիական կամ ռուսական շոու բիզնեսը: Այս հարցում իրավիճակը բացարձակ զրոյական է, լիակատար անտարբերություն: Ըստ որում՝ խնդիրն այն չէ, որ ռուսական շոու բիզնեսը չունի այնպիսի մասշտաբների աստղեր, ինչպիսիք Քարդաշյանները, Ուեսթը կամ Քլունին: Ընդ որում՝ խնդիրը նույնիսկ քաղաքականությունն էլ չէ, որ Ռուսաստանում այդ բիզնեսը ոչ պակաս իշխանության ենթակայության տակ է, ինչքան բիզնեսի այլ տեսակներ: Խնդիրը հենց քաղաքակրթական է, արժեհամակարգային: Պարզապես ռուսական տարածությունում այդ արժեքները՝ համամարդկային համերաշխության, մարդու կյանքի, ազատության, իրավունքների արժեքները, որոնց շրջանակում տեղավորվում է հայերի ցեղասպանության, հայկական հարցի էությունը, չունեն առաջնային նշանակություն և՛ պետական և՛ հասարակական մակարդակում: Անտարբերությունն այս ամենի արդյունքն է, այլապես դրսևորումները կունենային ընդամենը մասշտաբային տարբերություններ: Իսկ այժմ տարբերություններն ուղղակի հիմնարար են և ի ցույց են դնում նաև, վառ կերպով, թե ինչպիսի միջավայրում ենք հայտնվում մենք, թե ինչպիսի միջավայրից, արժեհամակարգային, կենսափիլիսոփայական ինչպիսի հարթությունից են մեզ կտրում և ուր են խցկում:









































