Երուսաղեմը խոստովանել է, որ իսրայելական բանտում իսկապես պահվել է ոմն «բանտարկյալ X», որն ունեցել է երկքաղաքացիություն (Ավստրալիայի և Իսրայելի), և որն իր կյանքին վերջ է դրել 2010 թվականին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Իսրայելի արդարադատության նախարարությունը բացատրել է, որ այդ բանտարկյալի անձնական տվյալները թաքցվել են անվտանգության նկատառումներով: Նրա ընտանիքը ծանուցվել է հետաքննության մասին, դատարանն իր համաձայնությունն է տվել ձերբակալությանը, ձերբակալվածի իրավունքները պահպանվել են:
Այն մասին, որ գաղտնիության պայմաններում ինչ-որ մարդ է պահվում Այալոնի բանտում, հայտնի էր դարձել 2010 թվականին: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա պահվում է միայնակ խցում և որևէ կապ չունի արտաքին աշխարհի հետ: Նրա անունը չեն իմացել նաև բանտապահները: 2010-ի դեկտեմբերին նրան կախված էին գտել իր խցում: Իսրայելի իշխանությունները հրաժարվել էին հաստատել այդ դեպքի մասին տեղեկությունը՝ արգելելով այդ մասին ցանկացած հրապարակում:
2013-ի փետրվարի 12-ին ավստրալական ABC հեռուստաալիքը հաղորդել էր, որ պարզել է բանտարկյալի անունը: Նա Բեն Զիգիրն է: Լրագրողական հետաքննությամբ պարզվել էր, որ նա ծնվել է Մելբուռնում, Իսրայել տեղափոխվել 2000 թվականին, որտեղ հանդես է եկել Բեն Ալոն անվամբ: Նա ամուսնացած էր իսրայելցի կնոջ հետ, ուներ երկու երեխա, 34 տարեկան էր: Մահվանից հետո նրա դին ուղարկվել է հայրենիք:
Ենթադրություն կա, որ նրան հավաքագրել է Մոսադը: Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ նրան ձերբակալել էին անվտանգության ներքին օրենսդրության լուրջ խախտումների պատճառով: Նրա ձերբակալության պատճառների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:







































