2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 24 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեկ դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արման Ղ.-ին, 1991 թ. ծնված Սաթենիկ Մ.-ին, 1993 թ. ծնված Կամո Ա.-ին և 1990 թ. ծնված Սարգիս Կ.-ին, որոնցից Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ թռուցիկներ են բաժանել Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում, որի ընթացքում Կամո Ա.-ն վերցնելով մուտքում դրված ցախավելը՝ սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան ու ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել իրեն և ընկերոջը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































