Սիրիայում պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը նմանվում է «մահվան ճամբարի»: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Անխիղճ հարձակումից ավելի քան 2 տարի անց 18 հազար պաղեստինցի փախստականներ և սիրիացիներ այժմ պատանդ են պահվում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) և այլ ծայրահեղականների կողմից»,- ասել է Պան Գի Մունը: Նրա խոսքերով` փախստականների ճամբարը նմանվում է «մահվան ճամբարի»:
«Յարմուկում բնակվողները` ներառյալ 3500 երեխա, կենդանի վահաններ են դառնում»,- ընդգծել է Պան Գի Մունը: Նա նշել է, որ ճամբարի ներսում զինված խմբեր են գտնվում, դրսում` կառավարական ուժեր:
«Նշվում է ճամբարի և նրա խաղաղ բնակիչների վրա լայնամասշտաբ հարձակումների մասին: Դա դառնում է ևս մեկ անիմաստ ռազմական հանցագործություն, որի մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- հայտարարել է նա:








































