Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի գործակալ և եղբայր Ռենե Ռամոսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «արքայական ակումբ»-ից: Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ «Բավարիա»-ն տրանսֆերային առաջարկով դիմել է Ռամոսին, ում գործող պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ ավարտվելու է 2017 թվականին:
«Սերխիոն երջանիկ է «Ռեալ»-ում: Մենք չենք մեկնաբանում լուրերն այն մասին, որ նա պետք է երկրորդը լինի «Ռեալ»-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողների թվում:
Մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Սերխիոն հանդես կգա «Ռեալ»-ում, որը չի շտապում նոր համաձայնագիր առաջարկել: Կքննարկենք նոր պայմանագրի պայմանները, երբ ակումբի ղեկավարությունը հրավիրի ինձ: Առայժմ այդպիսի առաջարկներ չեն եղել»,- Marca-ն մեջբերում է Ռենե Ռամոսի խոսքերը:









































