ՀՀ առողջապահության նախարարությունն այս տարի կշարունակի աջակցել ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում կհաստատվի այս դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը: Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածումը: Նախատեսվում է ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց տրամադրել հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, օպորտունիստական վարակների բուժում և կանխարգելման տրամադրում, ԿԽՀ կետերին և լաբորատորիաներին տրամադրել տեխնիկական աջակցութուն, զարգացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մոնիտորինգի և գնահատման ազգային միասնական համակարգը, զարգացնել կադրային ներուժը (մասնագետների վերապատրաստում), մեթադոնային փոխարինող բուժում տրամադրել ներարկային թմրամիջոցներ գործածողներին /ՆԹԳ/ քաղաքացիական սեկտորում և քրեակատարողական համակարգում:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ., 2011 թ. համեմատ, ՄԻԱՎ-ով դեպքերն ավելացել են 5-ով և 17-ից դարձել 22: Միաժամանակ նվազել են ՁԻԱՀ-ի դեպքերը՝ 15-ից դառնալով 9:
Նկատենք, որ առայժմ ՁԻԱՀ-ի բուժման անհնարինության պայմաններում ՁԻԱՀ-ով հիվանդների թվի պակասումը նշանակում է կամ նրանց մահը, կամ երկրից հեռանալը:







































