Ինչպե՞ս կարելի է Քոչարյանի նախագահությունն ավելի հաջողված համարել. սեփական ժողովրդին գնդակահարելը ներել չի լինի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համակարգողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներն ավելի հաջողված էին, քան Սերժ Սարգսյանի:
Սարգիս Քլոյանը դժվարացավ որևէ գնահատական տալ, որևէ կերպ անդրադառնալ ասվածին:
«Ի՞նչ կարող եմ ասել, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ու անդրադառնալ: Ես չէի սպասում, որ նման արտահայտություն կաներ: Ես ի՞նչ կարող եմ ասել, դա երևի իր անձնական կարծիքն է, որը ինձ, իհարկե, մտահոգում է: Չգիտեմ, ես այդ տարիների մեջ լավ բան չեմ տեսնում, ի՞նչ լավի մասին է խոսքը, երբ Ռոբերտ Քոչարյանի հրամանով կրակ է բացվել խաղաղ ցուցարարների վրա, նա ինչպե՞ս կարող է լավը լինել: Ինձ համար նա շատ վատն է, ոչ թե լավը, ես իրեն համարում եմ մարդասպան, ոչ թե լավ: Թե Զուրաբյանն ինչու է այդպիսի հայտարարություն արել, ուղղակի չգիտեմ ինչ ասել»,- ցավով նշեց Սարգիս Քլոյանը:
Նա հավելեց՝ եթե ինչ-որ տեղ կարելի էր ներել վարվող վատ տնտեսական քաղաքականությունը, ապա սեփական ժողովրդի գնդակահարությունն աններելի է:
Եզրափակելով իր խոսքը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրն ասաց, որ Մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպվելու, և ինքն այս հարցը կքննարկի Զուրաբյանի հետ և իր ասելիքը նրան կասի:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Անդրադառնալով ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ասել էր, թե այսօր Հայաստանում ամենահիմնական պրոբլեմը Սերժ Սարգսյանի բռնապետության, այս Հանրապետական կուսակցության միջոցով հաստատված բռնապետության վիճակն է, որը խեղդում է Հայաստանը։
«Եվ ես ուզում եմ մի հարց տալ․ եկել են նախագահական ընտրություններ… Դուք տեսե՞լ եք ավելի ձախողված նախագահ, եթե նրան կարելի է նախագահ համարել, քան Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ մի մարդ, որն ընդհանրապես ոչինչ չի կարող ժողովրդին ներկայացնել իր ընտրարշավի ժամանակ»,- նշել էր նա: Վերջինս նախկին բոլոր նախագահներին ավելի հաջողված էր համարել: Հարցին՝ նույնիսկ երկրո՞րդ նախագահն է ավելի հաջողված եղել, գործիչը պատասխանել էր. «Հայաստանո՞ւմ։ Բնականաբար»։






































