Հնդկական Ասսամ նահանգի հյուսիսարևելյան Գոալպարա շրջանում անկարգությունների զոհերի թիվը հասել է 19-ի,- հայտնել է նահանգի գլխավոր նախարար Տարուն Գոգոյին:
Ավելի վաղ հայտնում էին 11 զոհի մասին: Բախումները սկսվել են երեքշաբթի օրն այն բանից հետո, երբ Ռաբհա Հաջոնգ ցեղի ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս Գոալպարայում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների դեմ, սկսել են տներ, խանութներ հրդեհել, հարձակվել քաղաքական գործիչների վրա:
Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել. նրա փամփուշտներից 13 մարդ է զոհվել: Եվս 6 մարդ զոհվել է Ռաբհա Հաջոնգ և այլ ցեղերի ներկայացուցիչների բախումից: Բախումները շարունակվել են նաև գիշերը:
Գոալպարա շրջանի ոստիկանությանն օգնության է գնացել մոտ 500 զինվորական:
Ռաբհա Հաջոնգ ցեղն ուզում է ինքնիշխանության հասնել, չի ընդունում Գոալպարայի նկատմամաբ կառավարության իշխանությունը: Նրա ներկայացուցիչները համարում են, որ գյուղական վարչության ընտրությունները կհանգեցնեն իրենց սեփական՝ ցեղային խորհուրդների ազդեցության անկմանը: Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է Գոալպարայի բնակչության մոտ 60%-ը,- հայտնում է RIA Novosti-ն:











































