Ամերիկացի դեռահաս Հարոլդ Էքին, որի ընտանիքը մոտ 10 տարի առաջ Նիգերիայից տեղափոխվել է ԱՄՆ, միանգամից ընդունվել է «Բաղեղի լիգայի» բոլոր համալսարանները: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ 18-ամյա երիտասարդն ընդունվել է բոլոր 13 բուհերը, որտեղ ներկայացրել է փաստաթղթերը (այդ հաստատություններից 8-ը համարվում են ամենահեղինակավորները երկրում):
8-ամյա Էքին ծնողների հետ Նյու Յորք է տեղափոխվել 2005 թ.: Նա պատմել է, որ լավ է սովորել, որպեսզի աջակցի իր ծնողներին ու արդարացնի նրանց վստահությունը: Նա պատրաստվում է նեյրովիրաբույժ դառնալ և կփորձի Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղամիջոց գտնել իր տատիկի համար: Նշվում է , որ Էքին դեռ չի կողմնորոշվել ուսումնական հաստատության ընտրության հարցում, սակայն հակված է Յեյլի համալսարանին:
Դպրոցում Հարոլդը որպես գլխավոր խմբագիր ուսումնական թերթն է գլխավորել: Նա նշել է, որ միշտ փորձել է օգտագործել ստեղծված յուրաքանչյուր հնարավորությունը: «Երբ ես երկիր եկա, նիգերիական սարսափելի խոսվածք ունեի , բայց ես ամեն ջանք գործադրեցի, որ ինտեգրվեմ»,- նշել է Էքին: Նա ասել է, որ իր համար դպրոցում ամենաբարդն ԱՄՆ պատմությունն է եղել:
Հարոլդը 4 կրտսեր եղբայր ունի, որոնք, նրա խոսքով, պատրաստվում են գերազանցել համալսարաններ ընդունվելու իր ռեկորդը:
«Բաղեղի լիգա» ասոցիացիայում ներառված են Կոլումբիայի, Բրաունի, Հարվարդի, Դարթմուտի, Յեյլի, Կոռնելի, Փենսիլվանիայի և Փրինսթոնի համալսարանները: Դրանք մշտապես ընդգրկվում են ԱՄՆ-ի 15 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցուցակում:








































