ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններից մեկը, ով 2011թ. մասնացել է Ուսամա բեն Լադենի չեզոքացման գործողությանը, պատմել է, որ Metallica ռոք խումբը խնդրել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը չօգտագործել իր երգերը հարցաքննությունների ժամանակ: Այս մասին «ծովարջը», ում անունը գաղտնի է պահվում, հայտնել է Esquire ամսագրի լրագրողներին:
«Երբ մենք սկսեցինք պատերազմը Իրաքում, մենք օգտագործում էին Metallica-ի երաժշտությունը՝ հարցաքննություններից առաջ ձերբակալվածներին «փափկացնելու» համար,- ասել է նա:- Հետո երաժիշտները կապվեցին մեզ հետ և ասացին. «Խնդրում ենք, մի՛ օգտագործեք մեր երաժշտությունը, մենք չենք ցանկանում բռնություն հրահրել»: Ես դեռ մտածեցի. «Տղանե՛ր, ախր դուք սկավառակ ունեք Kill’Em All («Սպանեք նրանց բոլորին») վերնագրով»»:
Դրանից հետո զինվորականներն իսկապես դադարեցրել են օգտագործել Metallica-ի երաժշտությունը հարցաքննությունների ժամանակ: Սակայն այն փոխարինել են Demon Hunter-ի քրիստոնեական մետալով:
«Նրանք անձամբ գրել են Պենտագոնին՝ ասելով, որ ամբողջությամբ աջակցում են նրան, ինչով մենք զբաղվում ենք,- ասել է հատուկջոկատայինը:- Նրանք մեզ իրենց տարբերանշանով սկավառակներ և նշաններ էին ուղարկում»: «Ծովարջմ» ավելացրել է, որ ինքը հատուկ գործողությունների ժամանակ համազգեստի վրա (այդ թվում նրա, որով չեզոքացրել են «համար մեկ ահաբեկչին») մշտապես կրում էր Demon Hunter-ի նշանը:
Երաժշտությունը հատկապես ծանր ռոքը, բազմիցս օգտագործվել է որպես կտտանքի կամ պատանդների վրա հոգեբանական ազդեցություն գործելու միջոց: Մասնավորապես, կտտանքի այդ ձևը կիրառվել է Աբու Գրեյբի և Գուանտանամոյի բանտերում:
Metallica-ի երաժշտությունն օգտագործվում էր ավելի հաճախակի, ընդ որում, խմբի անդամների կարծիքը այդ հարցում մշտապես փոխվում էր: 2007թ. խմբի առաջնորդ Ջեյմս Հեդֆիլդը խոսելով, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ իր Enter Sandman երգն օգտագործվել էր Գուանտանամոյի բանտում Մուհամմադ Ալ-Կատանիին (9/11-ի կասկածյալներից) խոշտանգումների ենթարկելու համար, ասել էր. «Իմ մի մասը հպարտանում է, որ նրանք ընտրել են Metallica-ն: Այս երաժշտությունը շատ ուժեղ է: Այն ինչ-որ բան ունի՝ կամքի ուժ, ագերսիա, խոսքի ազատություն: Իսկ մյուս մասս դժգոհություն է զգում առ այն, որ ինչ-որ մեկը փորձում է դրանում գտնել քաղաքական ենթատեքստ: Քաղաքականությունը անջատում է մարդկանց, իսկ երաժտությունը՝ միավորում: Բայց թո՛ղ լինի այդպես: Դա պարզապես փաստ է՝ ոչ լավ, ո՛չ վատ»:
Ավելի ուշ Հեդֆիլդը փորձում էր կատակել նման հարցերի պատասխանելիս՝ ասելով. «Մենք մեր ծնողներին և կանանց մեր երաժշտությամբ արդեն շատ տարիներ ենք խոշտանգել: Ինչու՞ ոչ իրաքցիներին»:









































