Ըստ Ղուկասի ավետարանի՝ Սիմեոն ծերունին մանուկ Հիսուսին ընծա է տանում Աստծուն, որից հետո մանուկին հետ է տալիս Մարիամին և մահանում է։ «Այս օրը նորակազմ ընտանիքներն իրենց առաջնեկին ընծա են բերում Աստծուն, դրա համար էլ տոնը կոչվում է Տեառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ»,- այսօր ասուլիսի ընթացքում ասաց տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ տոնի մեկ այլ անունը՝ Տերընդեզը բացատրվում է գրեթե նույն կերպ՝ Տերն ընդ ձեզ:
2005 թվականից, Վեհափառի հովանավորությամբ, այս օրը նաև կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Հարցին՝ նշանվածները Տրնդեզ անո՞ւմ են, քահանան պատասխանեց, որ դա անընդունելի է, սակայն եթե ուզում են օրհնվել, իհարկե, կարող են:
Այսօր երեկոյան եկեղեցիներում կանցկացվի ժամերգություն, որից հետո՝ նախատոնակի արարողություն: Քանի որ այս տարի Տեառնընդառաջը համընկավ պասի շրջանի հետ, մեկ օր եկեղեցու վարագույրները կբացվեն:
Ինչ վերաբերում է կրակի խորհրդին, քահանան ասաց, որ այն խորհրդանշում է Տիրոջ լույսը. «Կրակը վառում են խորանից բերած մոմով, երբ մենք թռչում ենք դրա վրայով, ոչ թե կրակն ենք պաշտում, այլ այն տրորում, ոտնակոխ ենք անում»:
Տեր Նիկողոսը վերջում հավելեց, որ կրակի հետ կապված բոլոր երևույթները ազգային են, եկեղեցին չի մերժում կրակի վրայով թռչելը, սակայն պետք չէ դա հասցնել հեթանոսության:











































