Բեռլինի կինոփառատոնի մեկնարկի 6-րդ օրը կայացել է փառատոնի ամենասպասված երկու՝ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույր» և ամերիկացի Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի ազդեցություն» ֆիլմերի ցուցադրությունը:
«Փակ վարագույր»-ի մասին խոսում էին ֆիլմի պրեմիերայից շատ առաջ. ռեժիսորը Իրանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության համար, նրան արգելվել է ֆիլմեր նկարահանել ու Իրանից դուրս գալ 20 տարի:
Բնականաբար, Փանահիի ֆիլմի պրեմիերան կայացել է նրա բացակայությամբ, թեև Գերմանիայի իշխանությունները պահանջել էին Իրանի իշխանություններից ապահովել ռեժիսորի ներկայությունը:
Նրա ֆիլմը պատմում է գրողի մասին, որը հեռավոր տանը թաքնվում է իշխանություններից ու թաքցնում իր շանը, որը իսլամում համարվում է «ոչ մաքուր»:
Տան բոլոր պատուհանները ամուր ծածկված են սև ծածկոցներով, ինչը ստեղծում է փակ վարագույրի տպավորություն,- գրում է ITAR-TASS-Ը:
Ինչպես մամլո ասուլիսում հայտնել է Փանահիի օգնական Կամբուզյա Պարտովին, նկարահանումները տեղի են ունեցել հասարակությունից գաղտնի: Այդ նպատակով նկարահանող խումբը վարձել է քաղաքակրթությունից հեռու մի տուն։
«Ի սկզբանե այս նախագիծը Փանահիի համար կարծես զվարճանք լիներ, քանի որ նրա համար դժվար է անգործ նստելը: Նա նախընտրել է չմտածել այն հետևանքների մասին, որոնք սպասվում են իրեն հայրենիքում»,- ասել է Պարտովին:
Ու եթե «Փակ վարագույրը» քննադատները դիտարկում են առաջին հերթին քաղաքական բռնաճնշումների տեսանկյունից, ապա «Կողմնակի ազդեցություն»-ից բեռլինյան հանդիսատեսն ակնկալում էր աստղային հյուրերի՝ կարմիր գորգով անցան Ջուդ Լոուին, Ռունի Մարային ու Քեթրին Զետա-Ջոնսին:
Ժյուրին Բեռլինալեում արդեն դիտել է ներկայացված աշխատանքների կեսից ավելին, ու ըստ Screen International ամսագրի՝ դեռ առաջատարը չիլիացի ռեժիսոր Սեբաստիան Լելիոյի «Գլորիան» է:








































