Թմրանյութերի դեմ պայքարը լավ իրականացնելու համար, «որպես պարգևատրում», ԱՄՆ-ն Աֆղանստանին է հատկացնում հերթական տրանշը՝ 18 մլն դոլարի չափով:
Իսլամական հանրապետության հետ արդեն 5 տարի իրականացվող ծրագրի համաձայն՝ աֆղանական 34 նահանգներից ցանկացածը, որտեղ թմրանյութ կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ մշակաբույսերի քանակը նվազ է կամ գրեթե հասցված է զրոյի, թմրանյութերի դեմ պայքարի նախարարությունից տարեկան ստանում է մեկ միլիոն դոլար՝ առողջապահության, կրթության, սպորտի և գյուղատնտեսության ոլորտի տեղական ծրագրերի իրականացման համար:
Ներկայումս այդ ծրագրի շրջանակում արդեն իսկ 150 նախագծեր իրականացվել են: Ծրագրի հետագա ֆինանսավորման մասին համաձայնագիրը Քաբուլում ստորագրել են Աֆղանստանի թմրանյութերի դեմ պայքարի նախարար Զարար Ահմադ Մոկբելն ու տարածաշրջանում ԱՄՆ դեսպանության օրենքի և կարգի պահպանման հարցերով խորհրդական Սթիվեն Մըքֆարլանդը:
Փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամլո ասուլիսում Մըքֆարլանդը հայտարարել է, որ 2012 թ. Աֆղանստանի կառավարությունը թմրանյութերի արտադրության դեմ պայքարում լավ արդյունքներ է գրանցել: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսլամական հանրապետությունում թմրանյութերի արտադրությունն այս ընթացքում 40 %-ով կրճատվել է: ՄԱԿ-ը, սակայն, նշում է, որ Աֆղանստանում թմրանյութ պարունակող մշակաբույսերի աճեցման համար հատկացվող հողատարածքները 18 %-ով ավելացել են:
Մոկբելն իր հերթին նշել է, որ ներկայումս Աֆղանստանի 17 նահանգներում թմրանյութ պարունակող մշակաբույսերի քանակը հասցված է զրոյի: Եվս 4 նահանգներում այդ թիվը մոտ է զրոյին, իսկ 2 նահանգներում բավականին կրճատվել է։ Ըստ Մոկբելի՝ թմրանյութ պարունակող մշակաբույսերի, հիմնականում՝ օփիում տեսակի, աճ գրանցվում է այն շրջաններում, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:









































