Ուղիղ մեկ ամիս առաջ` մարտի 4-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջև սպանվեց երեք մարդ` Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանցը (Մոսո):
Հիշեցնենք, որ այս մասով հարուցված քրեական գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում: Իսկ այս հանգամանքը ենթադրում է գործի բազմակողմանի քննություն, թեպետ այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն, բառի ամենալայն իմաստով, որևէ տեղեկություն չի տրամադրում` ելնելով նախաքննական գաղտնիությունից: Թեպետ գործը «հույժ գաղտնի է» քննվում, սակայն այս հանգամանքը լրատվամիջոցներին չխանգարեց ինֆորմացիա ձեռք բերել և մատուցել հանրությանը:
Նշենք, որ համացանցում հայտնվել էր տեսանյութ` «Բացառիկ տեսանյութ` Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունից» վերտառությամբ: Այս իրողությունը, կարծես, հաշվի չառավ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև Արդարադատության նախարարությունը: Հարց է առաջանում` ինչպե՞ս ստացվեց, որ ՔԿՀ-ի ներսում հնարավոր եղավ տեսանյութ նկարահանել, ապա տարածել համացանցում: Հնարավոր է` նշված կառույցները լուրջ չվերաբերվեցին նշված տեսանյութին և զլացան որևէ կերպ մեկնաբանել` հերքել կամ հաստատել դեպքի հետ դրա առնչությունը:
Այս հարցի պատասխանն իմանալու համար Armlur.am-ն այսօր հարց է ուղղել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ով հարցին հարցով պատասխանեց. «Ինչի՞ց եք վերցրել, որ այդ տեսանյութը ՔԿՀ-ի ներսից է դուրս եկել: Տեսանյութից այդպես չի երևում, լավ չեք ուսումնասիրել: Փորձեք նորից նայել այդ տեսանյութը և այլ ենթադրություններ անել»: Մեր հարցին` նախարարն արդյո՞ք դիտել է և ի՞նչ ենթադրություններ է արել, Հ. Մանուկյանը պատասխանեց.«Չեմ ուզում ենթադրություններով կիսվել Ձեզ հետ»:
https://youtu.be/YnaOEJRxxMM
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում












































