Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Վալերի Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչու իր հաճախորդը չի հայտնվում մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում: Նրա խոսքերով` Մովսիսյանը դարձել է լեգեոներների քանակի սահմանափակման գերի, ինչի պատճառով ավելի շատ խաղաժամանակ է ստանում Դենիս Դավիդովը:
«Մովսիսյանի հետ ոչինչ տեղի չի ունենում: Նա նորմալ մարզվում է, ֆիզիկապես լավ վիճակում է: Թե ինչում է կայանում խնդիրը, լիովին չեմ հասկանում: Յուրան մեկնարկային կազմում էր «Կրասնոդար»-ի հետ խաղում, «Դինամո»-ի հետ խաղում դուրս եկավ փոխարինման, իսկ «Տորպեդո»-ի հետ խաղում ուղղակի մնաց պահեստայինների նստարանին:
«Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ուղղակի կարծել է, որ Դենիս Դավիդովն այս պահին ուժեղ է Մովսիսյանից: Դա նրա կարծիքն է, որը չեմ կիսում:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 4 ոչ լիարժեք մրցաշրջանում Յուրան 94 խաղում 46 գոլ է խփել: Միջինը` մոտ կես գոլ 1 խաղում: Դավիդովը նման վիճակագրության մասին առայժմ կարող է միայն երազել: Ահա ամբողջ իրականությունը:
Եթե Դավիդովը գոլ խփեր, Յակինի տրամաբանության հետ կարելի էր համաձայնել: Բայց նրա ակտիվում չկա ոչ մի գոլ: Այս ամենը կապված է լեգեոներների քանակի սահմանափակման հետ, երբ տեղացի ֆուտբոլիստների համար ավելի ջերմ պայմաններ են ստեղծվում»,- Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է «Спорт-экспресс»-ը:










































