ԱՄՆ-ի ամենաառատաձեռն բարերարների ցուցակը գլխավորել է աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, որը 2012 թ. նվիրաբերել է շուրջ մեկ միլիարդ դոլարի արժեթղթեր երեք հիմնադրամների՝ Howard G. Buffett Foundation, NoVo Foundation, Sherwood Foundation: Howard G. Buffett Foundation հիմնադրամը զբաղվում է գյուղատնտեսության զարգացմամբ, NoVo Foundation-ն աջակցում է կանանց և աղջիկներին, իսկ Sherwood Foundation՝ մանուկների կրթությանը:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 2012 թ. Silicon Valley Community Foundation հիմնադրամին Facebook-ի բաժնետոմսերի ձևով 498.8 միլիոն դոլարի նվիրատվություն են արել, որի նպատակն է զարգացնել կրթությունը և առողջապահությունը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, սա երիտասարդ միլիարդատիրոջ արդեն երկրորդ խոշոր նվիրատվությունն է. 2010 թ. նա ստեղծել է Startup: Education հիմնադրամը, որի ծավալը 100 միլիոն դոլար է: Հիմնադրամի միջոցներն ուղղված են դպրոցների զարգացմանը:
2012 թ. ԱՄՆ-ում նվիրատվությունների ծավալով երրորդ հորիզոնականը զբաղեցրել են Centaurus Energy ներդրումային հիմնադրամի սեփականատեր Ջոն Առնոլդը և նրա կինը: Նրանք նվիրաբերել են ավելի քան 423 միլիոին դոլար իրենց հիմնադրամին, որն աջակցում է հասարակական կրթությանը և թոշակային համակարգին:
Բացի Ցուկերբերգից, ԱՄՆ-ի խոշոր բարեգործների ցուցակում ներառվել են IT ոլորտի այլ ներկայացուցիչներ: Չորրորդ հորիզոնականում է գտնվում Microsoft-ի հիմնադիր Փոլ Ալենը (բժշկական հետազոտությունների համար տրամադրել է 309 միլիոն դոլար): Հինգերորդ հորիզոնականում են հայտնվել Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը և նրա կինը՝ Էն Վոժիցկին (229.9 միլիոն դոլար):
The Chronicle of Philanthropy տվյալներով՝ 2012 թ. ԱՄՆ-ում 50 խոշոր բարերարների նվիրատվությունների ընդհանուր ծավալը գերազանցել է 7.4 միլիարդ դոլարը: