ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեհիսին իր նշանակումից հետո առաջարկել է ՀՀ-ում զարկ տալ անասնապահությանը, որի համար Հայաստանն ունի մեծ հնարավորություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, թե անասունների թիվը ՀՀ-ում բավարար չէ, և գլխաքանակը կարելի է հասցնել 7 մլն-ի: Ըստ նրա՝ այդ դեպքում Իրանը իր 75 մլն-անոց բնակչությամբ լավ շուկա է, ՀՀ-ն կարող է տարեկան մի քանի միլիոն ոչխար արտահանել Իրան:
«Դեռևս որևէ պայմանագիր չի ստորագրվել, դա պետք է քննարկվի: Բացի Սյունիքի մարզպետարանից, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս պետք է հաստատի այն, ու ԱԺ-ն պետք է հաստատի: Այնպես չէ, որ երկու կողմը փաստաթուղթ ստորագրեն: ՀՀ-ի շահերը Իրանի շահերն են, Իրանի շահերը ՀՀ-ի շահերն են: Առաջարկը հիմնվել է նրա վրա, որ ՀՀ-ում անասնագլխաքանակը մեծացվի:
Մարզպետներից մեկի հետ հանդիպման ժամանակ ես եմ խորհուրդ տվել: Քանի դեռ պայմանագիրը չեք տեսել, մի հավատացեք լուրերին: Ոմանք ցանկանում են նման մթոնոլորտ ստեղծելով՝ վնասել երկու երկրների հարաբերություններին: Որևէ երկրում լարվածություն ստեղծելը խելքին մոտ չէ»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ քննարկումները անընդհատ շարունակվում են և շարունակվում են բոլոր ոլորտներում:
Նա նշեց, թե մի իրանցի գործարար օրերս եկել է ՀՀ և ցանկացել է 500 հազ. գլուխ ոչխար գնել։ Ու եթե ՀՀ-ն կարողանա անհրաժեշտ քանակի ոչխար մատակարարել, շահույթ կստանա,- վստահեցրեց դեսպանը:
Դեսպանը վստահություն հայտնեց, թե Ադրբեջանի հետ հակամարտությունը չի կարող որևէ ձևով ազդել այս ծրագրի վրա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































