«Երևանի քաղաքապետը հանրակրթական երկու դպրոցներում արձանագրված նախընտրական քարոզչության և քաղաքական գործունեություն իրականացնելու փաստերով խիստ նկատողություն է հայտարարել ուսումնական հաստատությունների տնօրեններին: Սա հայտնում են քաղաքապետարանից, իսկ թե խոսքը որ դպրոցների մասին է, պետք է միայն կռահել»,- գրում է «Հայկական ժամանակը» և հավելում.
«Ենթադրվում է, որ նկատողություն ստացածներից մեկը թիվ 191 դպրոցի տնօրենն է: «Հժ» նախորդ համարում գրել էինք, թե ինչպես էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս դպրոցում հյուրընկալվել թաղապետ Դավիթ Օհանյանն ու մանկավարժներին նախընտրական հրահանգներ տալիս: Դրանից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ քաղաքապետն այս ամենը անհետևանք չի թողնի: Եվ ահա հետևանքը: Թաղապետը նկատողություն չի ստացել, միայն դպրոցի տնօրենը: Իշխանությունները վերը նշված երևույթների մասին «տեղեկանում են» մամուլից կամ համացանցից: Այնինչ՝ նույն Դավիթ Օհանյանը նշված հանդիպման ժամանակ պատմում է, որ այլ դպրոցներում ու մանկապարտեզներում ևս նախընտրական հրահանգներ է տվել»:











































