«Բնական է, որ հետևում էի անցուդարձին, բայց որ այսպիսի ելք է ունենալու, ինձ համար կասկածի տեղիք չկա: Երբ Պարույր Հայրիկյանը դիմեց ՍԴ, ես գիտեի, որ հաջորդ օրը հետ է վերցնելու: Եթե մարդը գնում է նախագահի ընտրություններին, ունի անալիտիկ վերլուծության հնարավորություն»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նա ասել է, որ ավարտել է Պոլիտեխնիկն ու սովորել պատճառահետևանքային կապի մասին: Սակայն այս պահին ինքն ունի ավելի լուրջ խնդիրներ, և իրեն Հայրիկյանի դիմումը չի հետաքրքրում: Էպոսագետ թեկնածուն նշել է, որ «այդ մարդու վարքագիծը շատ-շատերի համար է տարօրինակ»: Պարույր Հայրիկյանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը համարել է ժամանակավրեպ և նշել, որ իշխանությունները թույլ չէին տա, որ ընտրությունները 14 օր հետաձգվեին. «Եթե նոր վիրավորված մարդը չդիմեց, էս անգամ էլ չէր դիմի»: Վարդան Սեդրակյանի խոսքերով՝ Պարույր Հայրիկյանը հասարակությանը ցույց տվեց, թե ինքը ով է իրականում. «Հայրիկյանն ասում է՝ ինչքան բանտ եմ նստել, այնքան էլ նախագահ պետք է նստեմ: Այնպես որ, տամաբանություն գտնելը անիմաստ է»:
Այնուհետև Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե իշխանություններն իր դեմ «գործ են սարքում»: Ներկայացնում ենք հարցազրույցի շարունակությունը՝ առանց կրճատումների.
«Մամուլի տված հարցերից ես հստակ կարող եմ ասել, բավականին հիմքեր ունեմ հայտարարելու համար, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ տվյալները կլինեն, միջազգային դիտորդները բոլորը հեռացած կլինեն Հայաստանից՝ կարծիքներն ասելուց հետո, փետրվարի 22-23-ին, մինչև փետրվարի 25-ը ինձ կձերբակալեն: Որովհետև հստակ երևում է քաղաքական պատվերը. լրագրողները տալիս են հարցեր, որ միայն նախաքննությունից կարող էին դուրս եկած լինել:
Երբ ես ասացի առաջադրվելու մասին, հունիսին էր, աշնանը, երբ ներկայացրի ծրագրերը, սկսվեց շատ տարօրինակ հարցերի շարան ասուլիսների ժամանակ: Սկզբում լուրջ չընդունեցի: Սկսում էին ինձ հարցնել իմ կապը Նաիրի Հունանյանի հետ, ես պատասխանում էի, որ, փառք Աստծո, գործը ովքեր քննել են, կենդանի են, հարցրեք իրենց: Տհասներին, որ իմ դեմ հոդվածներ են գրում, ասեմ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իմ ուսանողական ընկերն է եղել, իմ պատմվածքները «Գարուն»-ում տպագրել է հենց Վազգեն Սարգսյանը, ես իրենց հետ մոտ եմ եղել: Մարդիկ գրելուց առաջ պետք է ուշադիր լինեն: Նույն լրագրողը ասաց, որ «Սասունցի Դավիթ» խումբ է ունեցել Նաիրի Հունանյանը: Երբ այդ հարցը փակվեց, առաջ եկավ Տիգրան Նաղդալյանի սպանությունը, ասացին, որ կապ ունեմ: Խնդրեմ, եղբայր, գործը քննողները ողջ են: Այդ ի՞նչ արտոնություններ ունեմ ես, որ այդ ամենի հետ կապ ունեմ և հիմա ազատ ֆռֆռում եմ: Եթե այդպիսի բան կար, որևէ մեկը բան չասեց, անգամ եղբայրը չասեց, որ քո պատճառով նստեցի:
Ապա իշխանությունները երրորդ բանը տարածեցին, որ ես ռուսական հատուկ ծառայությունների սպա եմ, հետո եկավ չորրորդ փուլը՝ պարզվեց, որ իրանական հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա եմ:
Երեկ կարդացի՝ ապշած էի՝ մտավորական մարդ ասում է, որ այս սպանությունից արդեն Վարդան Սեդրակյանը չոր դուրս չի գա: Ուղղակի ապշում ես՝ ո՞ւմ պատվերն է կատարում:
Այդ երկու ձերբակալվածներից մեկի տունը մեր տան դիմացն է, ինքը արհեստավոր մարդ է, ինձանից 4-5 տարի փոքր: Երկու տարի առաջ տունս վերանորոգելիս ասացի իրեն: Իսկ մյուսի հետ, որ թմրանյութերի վաճառքով է զբաղվում, ծանոթացել էի անցած տարի: Եղվարդում ունեմ առանձնատուն, և Սամվելը, ավարտելով վերանորոգումը, գնաց Եղվարդ: Նա տաքսիստի գտավ, և տաքսիստը՝ Խաչատուրը, նրանց տանում-բերում էր: Որոշ ժամանակ անց մեքենան վթարի ենթարկվեց: Ես վաճառել եմ հին ավտոմեքենան՝ «Վոլվո»-ն և քանի որ գումար չունեին, պետք է այդ 6 հազար դոլարը վերադարձնեին՝ ամսական 500 դոլար: Երեք ամիսներինը արդեն տվել են: Այսօր կարդում եմ, որ ահաբեկիչներին մեքենա եմ տվել:
Կա իմ անձի դեմ կազմակերպված բան՝ իշխանությունների կողմից, որովհետև ես այն թեկնածուն եմ, որ չի խաղում իշխանության խաղը, իշխանության կանոններով:
Ես սկսեցի հետ նայել, այն բոլոր հարցերը, որ ուղղված էին ինձ՝ աշնանը, հունվարին, ու այդ լրատվամիջոցները նախկին հարցերը դնելով՝ պատրաստում են ավելի լավ նյութեր: Որտեղի՞ց պետք է լրատվամիջոցը իմանա, որ «Վոլվո» եմ իրենց վաճառել: Պարզ է, որ նրանք են պատմել: Ուրեմն՝ կա մեծ արտահոսք:
Երևում է, որ իշխանություներն են սարքել: Մարդկանց ձերբակալել են ու առանց ապացուցելու, անմիջապես հրապարակում են լուսանկարները: Քանաքեռցի են, և մեկ թեկնածու կա Քանաքեռից: Նրանք ունե՞ն փաստաբան, որևէ մեկը կա՞ շահերը պաշտպանող: Գնացել են, կրակել են, բերել–տվել են զենքը կնոջը: Նույն կերպով վստահ եղեք, որ կան ձայնագրություններ, որ ես վճարել եմ այդ ամենի համար:
Հանրությանը հայտնի չէ, որ Սամվել Հարությունյանի ավագ եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը բանտում է արդեն երկու տարի, մեղադրվում է հարուստ մարդու տուն զինված հարձակման համար: Միգուցե դա՞ էլ եմ ես սովորեցրել: Պարբերաբար ինքը փող է խնդրել, մեծ գումարներ, քննիչների հետ հարցերը լուծելու համար: Այդ մասին չի ասում ոչ մի տեղ:
Այս պահին ես անձեռնմխելի եմ, ձերբակալման քայլ չեն անի, բայց երբ ամեն ինչ իրենց ուզած սցենարով լինի, ձերբակալվեմ, փորձես արդարանալ՝ էլ ուշ ա: Կներկայացնեն որպես տեռորիստ, խմբապետ:
Իշխանություններին մի հարց տամ. գուցե մարտի 1-ի գնդակահարությունների՝ մասսայական, հրամա՞նն էլ եմ ես տվել:
Որ հիմքերը կան, կապվում է Քանաքեռի հետ: Արդեն հարազատները ասում են որ՝ կգնանք, կասենք, որ ինքն է արել: Կկազմվի գործ, իսկ դրա մեջ նրանք մեծ վապետներ են, և որևէ մեկը չի ցանկանա աջակցել մի մարդու, որ ընդամենը տեռորիստ մարդասպան է: Ցանկացած քաղաքացի չի կարող աջակցել տեռորիստի: Պետք է քրեական շատ ծանր հոդված ներկայացնել:
Ինչո՞ւ է պետք իշխանություններին. մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանի մասին այն քննադատությունը, որ հնչում է իմ կողմից: Մյուսներին համեմատեք:
Եթե ես էդպիսի խմբեր եմ ունեցել միշտ, հոգեբանական ազդեցություն եմ թողնում, էսօր էլ ասում են, որ խփողի վրա էպոսով եմ ազդել, եթե կարում եմ հոկտեմբերի 27 կազմակերպեմ, Նաղդալյանին խփեմ ու դուրս գամ, էնքան անճար եմ դարձե՞լ, որ պետք է նարկամանին բան հանձնարարեմ:
Նագանի պատմությունը վերջն ա, մարդուն տանում, խփում են, հետ բերում տալիս նագանը կնոջը, ասում՝ սա տար դիր էնտեղ ու կարող է պետք գա հետո:
Իշխանություններն ուզելու են ինձ ձերբակալել, բայց խորապես հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվելու»:







































