Թեհրանի դատախազի գրասենյակի անվտանգության ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Միր Հուսեյն Մուսավիի դուստրերը՝ Զահրան և Նարգիսը, չեն ձերբակալվել: Այս մասին տեղեկացրել է Fars գործակալությունը:
Պաշտոնյան ասել է, որ աղջիկները հրավիրվել են դատախազություն՝ ցուցմունք տալու։
Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը իրանական Kaleme կայքը տեղեկացրել էր, որ իրանական ընդդիմության առաջնորդի դուստրերը ձերբակալվել են անվտանգության մարմինների կողմից: Կայքի տվյալներով՝ Իրանի անվտանգության ուժերը խուզարկել են նրանց տները և ձերբակալել են աղջիկներին, որոնց գտնվելու վայրն այժմ անհայտ է:
Երկու շաբաթ առաջ Մուսավիի դուստրերն ասել էին, որ չգիտեն, թե որտեղ են պահվում իրենց ծնողները և նրանց մասին ոչ մի լուր չունեն:
Զահրան և Նարգիսը կոչ էին արել անմիջապես ազատ արձակել իրենց ծնողներին, որոնց ձերբակալությունը նրանք «առևանգում» էին անվանել:
Իրանի նախագահի նախկին թեկնածուներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Կարուբին բողոքել էին 2009 թ. հունիսի 12-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Նրանք հայտարարել էին, որ ընտրության արդյունքները կեղծված են:
Դիտորդների կարծիքով՝ 1979 թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր երկրում բողոքի ակցիաներն իրենց մասշտաբով հավասարը չեն ունեցել: Հարյուրավոր քաղաքական ակտիվիստներ ձերբակալվել են, իսկ տասնյակ քաղաքացիներ՝ զոհվել:
Դրանից հետո Մուսավին և նրա կինը պահվում էին տնային կալանքի տակ:








































