«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն մի քանի միլիոն դոլար է յուրացրել ընկերությունից ու հեռացել:
«ԱրմենՏել»-ի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Բեղլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը:
«Ոչ, այդպիսի բան չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում, գիտեք, մարդիկ շատ են խոսում, հնարում են: Այդպիսի բան բացարձակապես չի եղել: Նա ինքնակամ է գնացել, ընտանեկան խնդիրների պատճառով կամ, հավանաբար, այլ աշխատանքի է անցել: Նման բան չի եղել, ամեն ինչ նորմալ է, աշխատավարձերը նորմալ են: Ֆինանսական հաշվետվություններն էլ կարող եք տեսնել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ա. Բեղլոյանը:
Ա. Բեղլոյանը, այնուամենայնիվ, հաստատեց այն հանգամանքը, որ Ի. Կլիմկոն իր պայմանագրային ժամկետից 4 ամիս շուտ է ազատվել պաշտոնից:
Հիշեցնենք, որ Կլիմկոն «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն է նշանակվել 2009թ. ապրիլի 27-ին՝ 2 տարի ժամկետով: 2011-2012 թվականներին նրա պաշտոնավարման ժամկետը մեկական տարով երկարաձգվել է: Սակայն վերջինս չի սպասել ժամկետի ավարտմանը և Հայաստանից մեկնել է:
Ա. Բեղլոյանը նաև փոխանցեց, թե այժմ «ԱրմենՏելում» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը, իսկ նոր գլխավոր տնօրենը շուտով կնշանակվի:











































