ԱՄՆ ադմինիստրացիան այն դեպքում, եթե Ռուստաստանը հրաժարվի միջուկային արսենալի հավելյալ կրճատման առաջարկից, կարող է դիտարկել միջուկային սպառազինությունները միակողմանի կերպով կրճատելու հարցը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ԱՄՆ ադմինիստրացիային մոտ կանգնած աղբյուրին:
«Մեզ համար նման քայլի գերազանցությունը ակնհայտ է: Եթե Մոսկվան հրաժարվի քննարկել այդ առաջարկը, Սպիտակ տունը կարող է փորձել ստանալ սենատորների երկու երրորդի աջակցությունը ու սկսել միակողմանի կարգով կրճատել սպառազինությունները»,- հայտարարել է աղբյուրը:
Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի՝ միջուկային սպառազինությունների հավելյալ կրճատման առաջարկը վաղը Մոսկվայում պետք է հնչեցնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը:
«Կոմերսանտը» նշում է, որ ԱՄՆ-ի՝ միջուկային զինանոցի հավելյալ կրճատման պատրաստակամության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ՌԴ արտգործնաախարար Սերգեյ Լավրովին հայտնել էր փետրվարի 2-ին՝ Մյունխենի հանդիպման ժամանակ:
Պարբերականի աղբյուրի պնդմամբ՝ առաջարկը դիմավորվել է «բավական սառը»:
«Ռուսաստանում մտավախություն ունեն, որ այդ քայլը կհարուցի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների և զինվորականների վրդովմունքը, որոնց գումար են խոստացել ծանր բալիստիկ SS-27 հրթիռի ստեղծման համար»,- բացատրել է աղբյուրը «Կոմերսանտին»:
Այդուհանդերձ, ըստ թերթի, ամերիկյան պատվիրակությունը կփորձի Մոսկվային համոզել նրանում, որ նոր կրճատումը ԱՄՆ-ին ու Ռուսաստանին թույլ կտա տարեկան խնայել մինչև 8 մլրդ դոլար:









































