Շաբաթ օրը Ադրբեջանում ոստիկանությունը ճնշել է Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության շենքի մոտ տեղի ձեռնարկատերերի բողոքի ակցիան:
Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, հավաքվածները փորձել են իրենց դժգոհությունն արտահայտել Իմիշլի շրջանային կենտրոնի ճանապարհի երկայնքով ձգվող ցանկապատերի կառուցման կապակցությամբ: Այդ ցանկապատները փակել են բնակիչների մուտքը դեպի խանութներ և սոցիալ-կենցաղային օբյեկտներ:
Ցույցը ցրելու ընթացքում ձերբակալվել է «Bakunews.tv» թղթակից Մեհման Մամեդովը, որը փորձել է ակցիան նկարահանել տեսախցիկով: Այնուհետև նա ազատ է արձակվել:
Շրջանի վարչակազմը չի ցանկանում փոխզիջումների գնալ և հիմնավորում է, որ ցանկապատերը կառուցվում են բարեկեցության և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար:
Ինչպես նշում է Haqqin.az-ը ցանկապատերի կառուցումը նորաձև է դարձել այն բանից հետո, երբ Բաքվից օդանավակայան տանող ճանապարհի երկայնքով կառուցվում են բազմակիլոմետրանոց քարե ցանկապատեր: Գաղափարի հեղինակների կարծիքով՝ ցանկապատերը պետք է թաքցնեն ադրբեջանական իրականության անբարետես կողմերը՝ ողորմելի շինությունները, ճանապարհները և աղտոտված տարածքները: Դրանց կառուցումը բարեկեցության անվան տակ պետական միջոցների շահավետ յուրացման միջոց է դարձել պետական պաշտոնյաների համար:









































