Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ով շաբաթներ առաջ հայտնվել էր տաբլոիդների գլխագրերում շիկահեր, իսկ այնուհետև ավելի բաց մազերի առիթով, այժմ կրկին թխահեր է դարձել։ Այս մասին հայտնում է x17online պարբերականը՝ նշելով, որ Քարդաշյանը մազերի գույնը փոխել է Հայաստան այցին ընդառաջ։
Քարդաշյանին գունափոխված մազերով նկատել են Լոս Անջելեսում առավոտյան՝ դստերը պարի պարապմունքի տանելիս։
E! News-ի հետ ավելի վաղ ունեցած զրույցում հարցին՝ որքա՞ն ժամանակ է պատրաստվում մազերը շեկ պահել, Քիմը պատասխանել էր. «Չգիտեմ, զգացողություն ունեմ, որ երբ գնամ Հայաստան, պետք է մուգ մազերով լինեմ»։
Պապարացիներին ցնցել է ևս մեկ նորություն՝ կապված Քարդաշյանի հետ։ Նրանք Քիմի ու ռեփեր Քանյե Ուեսթի դստերն առաջին անգամ տեսել են բաց գույնի հագուստով. երեխան եղել է սպիտակ հագուստով՝ ի տարբերություն մշտական մուգ գույների։









































