Եվրոպայում մեծածավալ և թանկ համաճարակաբանական հետազոտությունները վերջերս ապացուցեցին մի հետաքրքիր երեույթ: Պարզվում է, ցանկացած բան, որ մարդն անում է իրեն ստիպելով և ոչ հոգեպես այն ցանկանալով, որևէ դրական արդյունքի բերել չի կարող: Մասնագետները վերցրել են հիվանդների երկու մեծ խմբեր հավասար ռիսկի գործոններով /դա հիմնականում բարձր խոլեստերինն է, հիպերտոնիան, ծխելու գործոնը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը և այլն/: Խմբերից մեկի ապրելակերպն այսպիսին էր` բուսակերություն, ճարպերի խիստ սահմանափակում, վատ սովորույթների բացառում, պարտադիր ֆիզիկական ակտիվություն, իսկ մյուս խմբի հիվանդներին նախընտրել են թողնել ապրել ըստ իրենց հայեցողության, ինչ կուզեն` ուտեն, որքան կուզեն, այնքան շարժվեն… Եվ զարմանալի է եղել, երբ թե առաջին տարում և թե 5 տարիների կտրվածքով, առաջին՝ առողջ ապրելակերպով ապրող խմբում հիվանդացությունը և մահացությունը սրտային հիվանդություններից եղել է մոտ երկու անգամ ավելի բարձր, քան երկրորդ՝ “ազատ” խմբում:
Առողջ ապրելակերպի մոդայիկ քարոզչության մեր ժամանակներում սա անկասկած անսպասելի է: Սակայն մեղավոր կամ սխալ է ոչ թե առողջ ապրելակերպի գաղափարը, այլ իրականացման մեխանիզմը:
Նույնը նաև վերաբերում է մերօրյա դիետաների կիրառումներին:
Հայերիս մոտ հոգեբան Նելլի Ղուկասյանը մի սովորույթ է նկատում. «Մենք ոչ միայն ուտում ենք, այլ նաև ուտելուց հետո էլ անընդհատ մի բան ուտում ենք, ծամում ենք»,- ասում է նա:
Մեզ էլ ավերոդ տեղը հոգեբանորեն չճնշելու համար, հոգեբանի խոսքով, սովորել ենք մեզ հույս տալ, որ ուտում ենք, որ «մի քիչ ջանի գանք»:
Սակայն հայ աղջիկների մոտ հետաքրքիր մի բան կա, կուտեն-կուտեն, ու հանկարծ մի օր մի բանից կնեղվեն ու կորոշեն ասենք 10 կգ ավելորդ քաշը միանգամից իջեցնել. սա հոգեբանի համոզմամբ չափազանց վտանգավոր բան է, քանի որ միանգամից նիհարել հնարավոր չէ և այս մարդկանց մոտ հազար ու մի ներքին խախտումներ կարող են առաջանալ : Ասենք ամբողջ կյանքում օրական 7 անգամ կուշտ ուտելուց հետո թեկուզ 4 օր «հատուկ հայկական դիետան» նույնն է, թե սովը միանգամից:
Իսկ նիհարելու լավագույն միջոցը աշխարհի բազմաթիվ մասնագետների համոզմամբ հոգեբանորեն դրան պատրաստ լինելն է:
«Անազատության զգացումը, ախորժակը անընդհատ զսպելու, լիարժեք կշտության զգացում գրեթե երբեք չունենալու պատճառով շատերը մի քանի օր տառապելուց հետո սկսում են հանկարծ միանգամից ուտել, իսկ այսպես առաջին հերթին շարքից ելնում է ստամոքսը, էլ չենք խոսում նյարդային համակարգի լարվածության մասին, որի հետևանք կարող են լինել անոթային սպազմեր` կծկումներ և այլն»,-ասում է բժիշկ-դիետոլոգ Կարեն Մամիկոնյանը:
Իսկ հոգեբան Նելլի Ղուկասյանը կտրականապես դեմ է այն համոզմանը, թե քիչ ուտելու համար ուժեղ կամք է պետք: «ԸՆդամենը պետք է գիտակցել, թե ինչ ես ուզում, ինչո՞ւ ես ուզում հրաժարվել այս կամ այն ուտելիքից: Մարդու մոտ ուտելու պահանջը վերանում է, երբ նա գալիս է ներդաշնակության: Այս ժամանակ նա արդեն չի հաշվի, թե քանի՞ կալորիա կերավ»,- ասում է նա:
Իսկ ընդհանրապես, թե հոգեբանը, թե դիետոլոգը համոզված են, որ մարդիկ կարող են հոգեբանորեն տրամադրվել և նիհարել, իսկ սրա համար պետք է փորձել խնդիրը գտնել ներսում և հասնել հոգեկան ներդաշնակության:
Ի դեպ, պարզվում է՝ մեզ հայտի յոգան ևս գերազանց նիհարելու միջոց է: Նրանով զբաղվելու դեպքում հնարավոր է նաև ձերբազատվել ավելորդ քաշից: Խատխա յոգան բերում է հոգեկան հանգստություն, հավասարակշռություն, սթրեսակայունություն, ինչպես նաև դեպրեսիաներից, նեգատիվիզմից, բացասական էներգիայից ազատվելու արդյունավետ միջոց է. սա ըստ յոգայի հայաստանյան մասնագետների, իսկ ընդհանրապես՝ ֆիզիկական և հոգեկան ներդաշնակությունը չափազանց կարևոր է մարդու համար՝ լինի յոգայի միջոցով, թե որևէ այլ կերպ:











































