Բազմաթիվ խոշորագույն ինտերնետ-կայքեր այս գիշեր անսպասելիորեն օգտատերերին սկսել են ուղղորդել դեպի Facebook: Պատճառը Facebook Connect ծառայության աշխատանքի խափանումն էր, որը այցելուներին թույլ էր տալիս սոցցանցում գրանցվել տարբեր տեղեկատվական ու զվարճային ռեսուրսներին իրենց օգտահաշվի միջոցով՝ տեղեկացնում է vesti.ru-ն:
Խափանումը, մասնավորապես, խախտել է այնպիսի խոշոր ամերիկյան ռեսուրսների աշխատանքը, ինչպիսիք են MSNBC.com-ը, CNN-ը, Yelp-ն ու The New York Magazine-ը՝ գրում է AllThingsD-ն:
Մուտք գործելով կայք ու օգտագործելով Facebook Connect-ը՝ օգտատերերն ավտոմատ կերպով ուղղորդվում էին դեպի facebook.com-ում տեղակայված սխալի մասին հաղորդագրությամբ էջ:
Սխալից ձերբազատվել հնարավոր էր միայն սոցցանցի օգտահաշվից դուրս գալով:
Ճիշտ է, որ ինտերնետը «կախվել է» ընդամենը մի քանի րոպեով: Ավելի ուշ Facebook-ի մամլո ծառայությունն ընդունեց սխալը՝ նշելով, որ իրենց հաջողվել է օպերատիվ կերպով այն վերացնել:






































