Թուրքիան կշարունակի Իրանից ներկրել ածխաջրածին՝ չնայած երկրների միջև տարաձայնությունների առկայությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան և Իրանը եղբայրական երկրներ են, որոշ հարցերում մեր հայացքները կարող են տարբերվել, սակայն դա որևէ կերպ չի ազդում էներգետիկ ոլորտում մեր համագործակցության վրա»,- ասել է Յըլդըզը:
Նախարարի խոսքով՝ բնական գազի Թուրքիայի պահանջարկի 1/5 մասը բավարարվում է Իրանից կատարված ներկրմամբ, այդ իսկ պատճառով Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդում այդ երկրից գազի ներկրման վրա:
Անցած տարվա մարտին իրանական գազի գնի առնչությամբ Թուրքիան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարան: Ավելի վաղ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիա մատակարարվող իրանական գազի գինը փոքր-ինչ բարձր է շուկայականից: 1996 թվականին Իրանն ու Թուրքիան համաձայնագիր էին կնքել՝ տարեկան Թուրքիայի 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին (օրական 30 մլն խորանարդ մետր):







































