Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Դիարբեքիրում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու թուրք իրավապահների միջև: Նշվում է, որ ուրբաթօրյա նամազից հետո քրդերը ցանկացել են «քրդական հարցի ժողովրդավարական լուծման» համար վրան հիմնել Դիարբեքիրի Դաղքափը հրապարակում, սակայն թուրք ոստիկանները կանխել են դա:
Այդ պահին դեպքի վայր են ժամանել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու փոխնախագահ Բենգի Յըլդըզը:
Վերջինս իր հերթին փորձել է կանխել ոստիկանների կողմից վրանի քանդումը` ամուր բռնելով վրանի ձողը: Սակայն ոստիկանները ձողը ձեռքին պահած քուրդ պատգամավորին գետնի վրա քարշ են տվել մոտ 10 մետր և հեռացրել վրանի մոտից:
Հիշեցնենք, որ 1925 թվականին Դիարբեքիրի Դաղքափը հրապարակում են կախաղան բարձրացվել քրդական ապստամբության ղեկավար շեյխ Սայիդն ու նրա 46 զինակիցները:
Ի դեպ, ներկայումս Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ հենց այդ պահից սկսած` Թուրքիայում մեկնարկեց քուրդ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործընթացը.
«Ուշագրավն այն է, որ ինձ ձերբակալեցին փետրվարի 15-ին, ինչպես որ այն ժամանակ շեյխ Սայիդին, ապա ինձ մահվան դատապարտեցին հունիսի 29-ին, այսինքն` հենց այն օրը, երբ մահապատժի ենթարկեցին շեյխ Սայիդին»:












































