ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է գերգաղտնի պայմաններում քննել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում տեղի ունեցած սպանության գործը: Այսօր ԱԱԾ-ից հրաժարվեցին պատասխանել մեր այն հարցին, թե գործով տուժողի իրավահաջորդներ ու փաստաբաններ արդեն ներգրավվա՞ծ են, թե՞ ոչ: «Նախաքննական մարմինը, նախաքննության շահերից ելնելով, նպատակահարմար չի գտնում որեւէ տեղեկություն փոխանցել` այս գործի հետ կապված»,- ասացին ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Եվ մինչ պաշտոնական լրատվությունը լռում է, այլ աղբյուրներով տեղեկություններ են շրջանառվում, որ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդուն՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել է կապվել այս օրերին հետախուզման մեջ գտնվող մեկ այլ քրեական դեմքի՝ Գաստրիկի հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Գաստրիկը «ատկազ» է կանգնել` կատարվածին իր մասնակցության հետ կապված: Ինչը, սակայն, Պզոյին համոզիչ չի թվացել: Երևանում այս օրերին նրա մարդիկ ակտիվ աշխատում են, հանդիպում այլ քրեական հեղինակությունների հետ:
Պակաս ակտիվ չեն նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում` ապացուցելու իրենց «անմեղությունը» քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների սպանության մեջ: Որոշ տեղեկություններով` այս օրերին Թոխմախի Մհերը փորձում է «վերևներին» հավաստիացումներ ներկայացնել եւ նրանցից էլ հավաստիացումներ ստանալ, որ ինքը զերծ կմնա վրեժխնդրությունից: