«Ոչինչ չի խանգարում, որ ես իրենց հետ հանդիպեմ. եղավ այն, ինչ պետք է լիներ»,-ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հետ ունեցած իր հանդիպումների մասին լուրերին:
Դիտարկմանը, որ հիմա իրեն ավելի հաճախ են տեսնում ՀՀԿ խմբակցությունում, պատգամավորը պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցության տեղն էլ չգիտի, ուղղակի ունի ընկերներ, որոնց հետ հանդիպում է։ Դա նոր չէ, քանի որ իր հարաբերությունները բոլորի հետ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ նորմալ են եղել:
«Երբեք ոչինչ մի բացառեք: Ես կոնկրետ ոչ մի ինֆորմացիա չունեմ, բայց՝ ինչու չէ»,- պատասխանեց Ախոյանը հարցին, թե ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները կարո՞ղ են անդամակցել «Օրինաց երկրին»:
Նա նշեց, որ դեռ ոչ մի կուսակցության կողմից անդամակցելու առաջարկ չի եղել, բայց ԲՀԿ-ում եղած և նրանից դուրս եկած բոլոր պատգամավորներն էլ անհատականություններ են և ունեն էլեկտորատ, իսկ կուսակցություններին հետաքրքիր կլինի, որպեսզի նրանք ընդգրկվեն իրենց կազմում:
Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ից արտահոսքը կարող է շարունակվել, քանի որ դեռ կան չկողմնորոշված պատգամավորներ: